Ամենակարևորը՝ ծնվեց երրորդ երեխաս՝ Հայկը. ինչպիսի՞ն էր տարին փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի համար

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը Իրավաբան.net-ին պատմել է իր տարվա հաջողությունների,  Ձմեռ պապիկից խնդրած նվերի և տոնական օրերի կրճատման մասին:

-2018 թվականը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում և հայաստանյան իրականությունում: Արդյո՞ք հաջողված տարի էր այն:

-Ամենակարևորը՝ ծնվեց երրորդ երեխաս՝ Հայկը, և, բնականաբար, միայն այդ հանգամանաքը բավարար է, որ տարին համարեմ հաջողված: Ինչ վերաբերում է հայաստանյան իրականությունում, ապա անկախ նրանից, սպասելիքները որքան կարդարանան կամ չեն արդարանա, դա տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն են:

-Այդ տարվա հատկապես ո՞ր դատական գործերը կամ դատական ակտերը կառանձնացնեք և ինչու՞:

-Առաջնահերթ կառանձնացնեմ դեկտեմբերի 6-ին եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռը: Եվրադատարանը  Մարտիրոսյան եղբայրների գործով ներկայացված իմ  բողոքը բավարարեց՝ ճանաչելով նրանց  արդար դատաքննության իրավունքի խախտումը: Բացի այդ, ՀՀ դատական ատյանների գործով կայացված դատական ակտերից կառանձնացնեի՝ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը:

-Քննարկվում է անցումային արդարադատություն իրականացնելու հարցը: Հետաքրքրական է հատկապես պետական և քաղաքական գործիչների զտման կամ վեթթինգի և լյուստարացիայի մեխանիզմները: Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:

-Ես իրականում չեմ պատկերացնում անցումային արդարադատությունը իրականացնելու իմաստը, ինչ արտակարգ դատարաններ պետք է ստեղծվեն, թե այդ անցումային արդարադատությունն ինչ կանոններով պետք է շարժվի, ինձ համար լրիվ անհասկանալի է: Կարծում եմ, առավել կարևոր է առկա դատական համակարգի անկախության ապահովումն ու կոռուպցիոն դրսևորումների բացառումը:

-Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապիկից՝ Հայաստանում արդարադատության ոլորտի և անձնապես Ձեզ համար:

-Կխնդրեի, որ բացառվեին պատերազմները, արդարադատության ոլորտի համար կխնդրեի, որ որևէ անմեղ անձ չդատապարտվեր, իսկ ինձ համար որպեսզի ծնողներս և երեխաներս առողջ լինեն:

-Ամանորի տոնական օրերն այս տարի չկրճատվեցին: Արդյո՞ք ճիշտ վարվեց նոր կառավարությունը տոնական 3 օր սահմանելու նախագիծը մերժելով:

-Կարծում եմ ՝ այո, այդ որոշման չընդունելը ճիշտ էր, կարելի է մի փոքր հանգստանալ:

-Այս օրերին փորձում եք օգնել Ձեր կնոջը՝ տնային գործերում, թե՞ դրանք միայն կնոջ գործն են: 

-Բնականաբար, ոչ, չեմ օգնում, քանի որ աշխատում եմ,  չեմ կարող:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2019-ից: 

-Նույնը, ինչ խնդրել եմ Ձմեռ պապիկից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել