10 հազար դոլար աշխատավարձի 85 տոկոսը` կենսաթոշակ. Ղազախստանի եւ մեր դատավորների սոցիալական տարբերությունները

Ամսական մոտ 10 հազար դոլար աշխատավարձ եւ ապահովագրություն ամբողջ կյանքի համար. Ղազախստանի դատավորները գոհ են իրենց սոցիալական վիճակից` ասում են Հայաստանի պատվիրակության անդամները, որոնք վերադարձել են Աստանայում տեղի ունեցած <<Դատավորների սոցիալական ապահովությունը>> թեմայով միջազգային համաժողովից:

Այն կազմակերպել էին Ղազախստանի դատավորների միությունը եւ Գերագույն դատարանը` Գերմանիայի իրավական համագործակցության հիմնադրամի (IRZ) աջակցությամբ: Համաժողովը տեղի է ունեցել Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Էստոնիայի եւ Մոլդովայի Դատավորների միությունների ստորագրած համագործակցության հուշագրի շրջանակում:

 <<Մոտ 10 հազար դոլար աշխատավարձ են ստանում նրանց դատավորները, մեր դատավորների աշխատավարձի համեմատ գրեթե 10 անգամ ավելին է>>,-ասաց Հայաստանի պատվիրակության անդամ, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը:

Սոցիալական երաշխիքների առումով`ղազախ դատավորները կենսաթոշակ ստանում են վերջին աշխատավարձի 85 տոկոսի չափով:

<<Նրանք նույնիսկ զարմացան, երբ ես ասացի, որ մեզ մոտ այժմ եթե թոշակի են գնում, ստանում են աշխատավարձի 49,5 տոկոսը, նախկին` 75 տոկոսի փոխարեն:  Համեմատություն անցկացրի, որ հիմա էլ օրենքի նախագիծ են շրջանառության մեջ դրել, որով դատավորի կենսաթոշակը դառնալու է 150 հազար դրամի չափով`մոտ 300 դոլար: Ելույթիցս հետո համարյա բոլոր երկրներից մոտեցան եւ հարցնում էին` գուցե սխալվել եմ, պիտի 3000 ասեի` 300 եմ ասել, ասացի` ոչ: Իսկ իրենց մոտ, եթե ստանում են 10 հազար դոլար աշխատավարձ, կենսաթոշակը դրա 85 տոկոսն է`60 տոկոսը աշխատավարձից եւ 25 տոկոսը սոցիալական փաթեթից>>,-ասաց Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը:

Ղազախստանում դատավորի անհրաժեշտ ծախսերի փոխհատուցումը, երբ նա աշխատում է իր բնակության վայրից որոշակի հեռավորության վրա, առանձնացրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը. <<Մեր երկրում եւս այս պրակտիկան կա,  բայց թե իրականում որքանով է ծածկում դատավորի ծախսերը, կարելի է դատողություն անել ուղիղ համեմատական անցկացնելով>>,-ասաց նա:

Համաժողովի մասնակիցներին ամենաշատը տպավորել է այցը Ղազախստանի Գերագույն դատարան: Սիմա Իսկանդարյանը լեդ էկրանով հետեւել է տարբեր մարզերի դատավորների աշխատանքին. <<18 միլիոն բնակչություն ունեն, 2000-ից ավելի դատարաններ, բայց այնտեղ թվային համակարգ կա` 2006 թվականից ներդրված, որով ցանկացած պահի մեծ լեդ էկրանով կարելի է միանալ ցանկացած շրջանի դատարան` աուդիո եւ վիդեո տարբերակով: Ապշեցուցիչ էր ուղղակի, երբ մտանք` միացած էր, տեսանք` դատավորը իջավ, նիստերի քարտուղարի հետ խոսեց, նիստը անցկացրեց>>:

Այս համակարգը դատավորին չի կաշկանդի` կարծում են Հայաստանի պատվիրակության անդամները: Գագիկ Խանդանյանի համոզմամբ` օգուտն ավելի մեծ է, քան վնասը. <<Եթե դատավորը իր իրավունքները եւ պարտականությունները շատ լավ գիտի, գիտի ինչ ձեւով պետք է վարի դատական նիստը, ապա նկարահանում, թե ձայնագրություն լինի, պետք է որ չկաշկանդի>>:

Ղազախստանում հնարավոր է դատարան դիմել` հայցադիմումն առցանց մուտքագրելու միջոցով: Ապացույցները եւ մյուս նյութերը օնլայն ներկայացնում են, պատասխանողն էլ առցանց տեղադրում է իր առարկությունները: Կարող են անգամ օնլայն նիստ անցկացնել` դիմողն ու պատասխանողն իրենց համայնքի դատարաններից, դատավորը` իր դատարանի դահլիճից:

Մարգարիտա Հարթենյանը կարեւորեց Ղազախստանի փորձը` դատավորների առցանց կապը այլ մարմինների հետ ապահովելու հարցում. դատավորը կարող է էլեկտրոնային կառավարման համակարգով, իր էլեկտրոնային ստորագրությունը օգտագործելով, ցանացած ժամանակ, ցանկացած տեղեկատվություն ձեռք բերելու հնարավորություն ստանալ. <<Դրա համար պետք չեն նյութական միջոցներ, դրա համար պետք չէ ժամանակ ծախսել`գրել, ուղարկել>>:

Հարթենյանը մտահոգություն հայտնեց, որ անհատական տվյալների ծածկագրման համակարգը ներդրված է նաեւ Հայաստանում, բայց կիրառման մեխանիզմներ, գործիքակազմ չունենք: Ծրագրային ապահովման տեսանկյունից դա Ղազախստանում վաղուց կիրառելի է: Դատաիրավական փաստաթղթերի թվայնացման հարցը եւս այնտեղ լուծված է, բաց է մնացել միայն արխիվի թվայնացման մասը:

Էլեկտրոնային արդարադատության ներդրման անհրաժեշտությունը մեր երկրում եւս ակտիվ քննարկվում է: Դատավորներն ասում են` Ղազախստանի փորձը կիրառելի է. խնդիրը միայն նյութական միջոցներն են ու կամքը:

Դատական գործերի քանակով Ղազախստանի դատավորների հետ համեմատվելը դժվար է` ասաց Սիմա Իսկանդարյանը. <<Այս պահին իմ  վարույթում 1400 գործ ունեմ` տարվա սկզբից, իրենք 100 գործ ունեին ու համարում էին, որ դա ահավոր ծանրաբեռնվածություն է դատավորի համար եւ մշակում էին մեխանիզմներ, թե ինչպես կարելի է այդ ծանրաբեռնվածությունը փոքրացնել: Մեխանիզմներից մեկը հիմնական շեշտը էական նշանակություն ունեցող գործերի վրա դնելն է: Ասենք, մենք բանկերի հետ կապված գործեր ենք շատ քննում, իրենք համարում են, որ դատավորը բանկի գործ քննող մարմին չէ, մտածում են` այդ գործերը քննեն նոտարները: Համարում են, որ դատարանը պետք է զբաղվի վեճ լուծելով, բայց եթե չկա վեճ, ինչի համար ավելորդ ծանրաբեռնվեն>>:

Ղազախստանում դատավորի կարգավիճակին մեծ նշանակություն են տալիս, շատ հեղինակավոր են համարում` նշեցին հայ պատվիրակները: Այս արդյունքին հասել են նաեւ դատական նիստից հետո կողմերի հետ զրուցելու պրակտիկայի շնորհիվ. <<Նախ`պետության դրվածքից է.  այնպես չէ, որ ամեն ինչում դատավորներն են մեղավոր: Մյուսը`ասում էին, որ անկախ նրանից` ում օգտին են վճիռը կայացրել, դատավորը զրուցում է կողմերի հետ, որպեսզի իրականում հասկանան` ինչու մերժվեց կամ բավարարվեց իրենց գործը եւ գոհ հեռանան:  Դատավորը պարզապես չի հրապարակում ակտը, որոշումը տալիս ձեռքը եւ տուն ուղարկում, այլ կողմերի հետ խոսում է ոչ դատավորի լեզվով>>:

Ղազախստանի դատավորների միության նախագահ Մուսաբեկ Ալիմբեկովը համաժողովի բացմանը ընդգծել է սոցիալական երաշխիքների կարեւորությունը դատական համակարգի արդիականցաման հարցում. <<Սոցիալական պաշտպանությունը ցանկացած երկրի արդարադատության զարգացման հիմնական բաղադրիչներից է: Այն դատավորների անկախության սահմանադրական սկզբունքի պահպանման ամուր երաշխիք է>>:

Գերագույն դատարանի նախագահ Ժակիպ Ասանովը խոսել է Ղազախստանի դատական համակարգի արդիականացման 7 հիմնական ուղղությունների մասին: Նաեւ նշել, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկում դատական ակտերի կազմման որակը բարձրացնելու, ընթացակարգերը հանրայնացնելու, դատական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաները լայնամասշտաբ կիրառելու ուղղությամբ:

Համաժողովի մասնակիցներից` Ուկրաինայի դատավորները, հայ պատվիրակների հետ զրույցում մտահոգություն են հայտնել, որ Մայդանի դեպքերից հետո իրենց մոտ աշխատանքից ազատել են դատավորների մի մասին, որոնք առնչվել են Մայդանի գործին: Այն դատավորները, որոնք շարունակում են պաշտոնավարել եւս գոհ չեն եղել իրենց սոցիալական վիճակից:

Ուկրաինայի դատավորների ասոցիացիայի նախագահ Ելենա Եվտուշենկոն ելույթում նշել է` եթե 3 տարի առաջ 9 հազար դատավոր ունեին, ապա այժմ միայն 3 հազարն են մնացել: 23 դատարան ընդհանրապես փակվել է կադրերի պակասի պատճառով. <<Եթե կառավարությունը անհիմն նվազեցնում է ծախսերը դատական համակարգի վրա, դրանից, առաջին հերթին, տուժում է ժողովուրդը>>,-ասել է Եվտուշենկոն:

Համաժողովի արդյունքներն ամփոփելով` Մարգարիտա Հարթենյանը կարեւորեց Ղազախստանի Գերագույն դատարանի մշակած կարճաժամկետ եւ երկրաժամկետ գործողությունների ծրագրերը, որոնք հետեւողականորեն իրականացնում են դատարանների հանդեպ վստահությունը բարձրացնելու եւ իրավունքի գերակայությունը ապահովելու նպատակով:

Ասաց, որ դրանց համաձայն, բարձրացնում են դատավորների թեկնածուների ընտրության չափանիշները, քննությունների թափանցիկությունը: Մեծ ուշադրություն են դարձնում դատավորների վերապատրաստմանը: Դատարաններում ձգտում են ապահովել մատչելի եւ թափանցիկ աշխատանք մարդկանց հետ, պրոֆեսիոալ եւ բարյացակամ աշխատակազմ, հարմարավետ, անվտանգ եւ մատչելի շենքային պայմաններ:

Համաժողովից հետո Ղազախստանի Գերագույն դատարանի նախագահի նախաձեռնությամբ, հարցաթերթիկներ են ուղարկվել Հուշագիրը ստորագրած երկրներ, որպեսզի օրենսդրական գործող բոլոր կարգավորումները միավորեն, համեմատեն եւ միջոցառումներ ձեռնարկեն մասնակից երկրների դատավորների սոցիալական ապահովությունը երաշխավորելու համար:

Համաժողովի արդյունքներով մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել