Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր մայոր Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեր խորին շնորհակալութնունն ենք հայտնում Երևանի քաղաքապետ պարոն Հայկ Մարությանին և նրա գաղափարակից թիմին, ովքեր, քննարկելով և հավանություն տալով Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ներկայացրած ծրագիրը, Անդրանիկի 40/3 հասցեում գտնվող շուրջ երեք տասնամյակ չօգտագործվող կաթսայատունը նվիրաբերեցին ծրագիրը իրագործելու նպատակով: Ֆեդերացիան համաձայն է քաղաքապետարանի կողմից ներկայացված պահանջներին և պարտավորվում է, ներդնելով առնվազը 80մլն դրամ, հիմնովին վերանորոգել շինությունը և կահավորել հարմարավետ մարզասարքերով, որը անվճար հիմունքներով ծառայելու է հաշմանդամություն ունեցող անձանց համար որպես մարզասրահ: Պահանջները խախտելու դեպքում ֆեդերացիան պարտավորվում է տարածքը վերադարձնել քաղաքապետարանին՝ անկախ կատարված աշխատանքներից՝ չունենալով ծախսված գումարը վերադարձնելու ակնկալիք…»:
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այս մասին գրում է. «Մայոր Սարգիս Ստեփանյանը, որը, վստահ եմ, քաղաքապետի հետ կոնտակտի մտնելու բազմաթիվ հնարավորություններ ուներ, գրանցվել էր ընդունելության օրվա համար՝ որպես սովորական քաղաքացի, սովորական ընթացակարգով, ներկայացրել էր խնդիրրը՝ տրամադրել տարածք հաշմանդամություն ունեցող մարզիկների համար: Ընդ որում, ֆեդերացիայի անդամների զգալի մասը երկրի սահմանների պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած նախկին ու ներկա զինվորականներ են:
Բայց ինձ համար հետաքրքրական էր նաեւ, որ Երեւանի ավագանին, տարածք տրամադրելու հարցը քննարկելիս բավական բծախնդիր էր: Կարելի էր միանգամից ընդունել առաջարկն ու նվիրաբերել ակնկալվող շինությունը, մանավանդ, որ հանրային ընկալման, փիարի տեսանկյունից թեման շատ «շահեկան» է: Բայց թե՛ համապատասխան հանձնաժողովում, թե Ավագանու նիստի ժամանակ հարցը մանրամասն քննության ենթարկվեց, հնարավորինս ճշտվեց ներդրողներին վերաբերող ինֆորմացիան, հստակեցվեցին ֆեդերացիայի պարտավորությունները քաղաքի առաջ, նախապես կանխվեցին քաղաքի նվիրաբերած գույքը այլ նպատակների համար օգտագործելու հնարավորություննեը»: