Առատ ձյան պատճառով հարկադրված կանգառ կատարած վարորդի տուգանքը վճռաբեկ դատարանը չեղյալ համարեց. նախադեպային որոշում

Առատ ձյան հետեւանքով ձնապատված լուսարձակներով մեքենայի վարորդը, իր խոսքով, հարկադրված կանգառ էր կատարել, որպեսզի մեքենայի ընթացքը մյուսների համար վտանգ չստեղծի, բայց ճանապարհային ոստիկանության տեսուչը որոշել էր տուգանել 5.000 դրամով։ Վարորդը դիմել էր դատարան` վիճարկելու որոշումը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու վարչական պալատը հաստատված համարեց կանգառի` հարկադիր լինելը տրանսպորտային միջոցի վրայի ձյունը մաքրելու և ճանապարհը շարունակելու համար եւ գտավ, որ ոստիկանը որոշումը կայացրել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման և մեկնաբանման հետեւանքով, այն ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման։ Դատարանը վճռեց հայցը բավարարել, «Ճանապարհային ոստիկանությունից» հօգուտ վարորդի բռնագանձել 15.000 դրամ`որպես փաստաբանական ծառայությունների գումարի, հօգուտ ՀՀ պետական բյուջեի`4.000 դրամ, որպես պետտուրքի գումարի փոխհատուցում։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պետական տուրքի գծով դատական ծախսերի բաշխման առանձնահատկությունները վերաքննության փուլում

Թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով 2018 թվականի նոյեմբերի 30-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել այն հարցադրման կապակցությամբ, թե արդյո՞ք վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա կարող է դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն այն դեպքում, երբ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվել է ի վնաս հայցվորի:

 Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, նպատակ ունենալով  ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները ներդնել վարչական գործերով իրավակիրառ պրակտիկայի հիմքում, նշել է, որ եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ այդ դեպքում վերաքննիչ վարչական դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող վարչական մարմնի կողմից վճարված պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված: Նշված եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունը, որը հանգում է հետևյալին. վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները՝ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն՝ թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում՝ անկախ գործի ելքից:

Վարչական գործ թիվ ՎԴ/1390/05/17 2018 թ.

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809901333

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել