«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել. «Օրերս մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ «Վագա Ֆարմ» ընկերությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ և «Ալֆա ֆարմ» ՓԲԸ դեղագործական ընկերությունների: Ըստ բողոքի, ոլորտում գործող այլ տնտեսավարողներին շատ ավելի փոքրածավալ ձեռքբերումների դեպքում տրամադրվում են զեղչեր, սակայն իրենց անհամեմատ ավելի մեծ ծավալներով պատվիրելու դեպքում՝ համարժեք զեղչեր չեն կիրառվում: Դիմումատուն նշում է նաև, որ բազմիցս դիմել է մատակարարներին՝ իրենց հանդեպ ևս մյուսներին հավասար զեղչեր կիրառելու խնդրանքով, որը, սակայն, մերժվել է՝ անարժանահավատ պատճառաբանություններով:
Այդ կապակցությամբ Ընկերությունը հայտարարում է, որ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն իր գնային քաղաքականությունը, ներառյալ՝ զեղչերի տրամադրման գործընթացն իրականացնում է օբյեկտիվության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքով և դեղերի շուկայում ընդունված ու կիրառվող գործարար շրջանառության սովորույթներին համապատասխան:
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն զեղչերի տրամադրման գործընթացում դեղերի մեծածախ և մանրածախ իրացում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ չի ցուցաբերել և չի ցուցացերում որևէ խտրական մոտեցում և զեղչերը տրամադրում է բացառապես իր մոտ գործող օբյեկտիվ չափանիշների հիման վրա.
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն հավաստիացնում է, որ զեղչեր ստանալու կամ ցանկացած այլ համագործակցության նպատակով ընկերությանն ուղղված գրությունները կամ առաջարկներն անպատասխան չեն մնում»: