Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2018 թվականի մայիս նոյեմբերի ընթացքում իրականացված աշխատանքները.
Այսպես,
1) Իրականացվել է վարչական համաներում. արդյունքում 108 հազար 916 անձանց նկատմամբ կիրառվել է համաներում. կարճված կատարողական վարույթների թիվը 1 մլն 259 հազար 177 է:
2) Իրականացվել է քրեական համաներում. արդյունքում ՔԿՀ-ներից ազատված դատապարտյալների թիվը դեկտեմբերի 14-ի դրությամբ 553 է, իսկ Պրոբացիոն ծառայությունում համաներում է կիրառվել 1012 շահառուի նկատմամբ:
3) Երևանի 4 բժշկական կենտրոններ ունենալու են կալանավորների համար նախատեսված հատուկ բաժանմունքներ:
4) Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը, որը տարիներ շարունակ պատշաճ չէր կիրառվել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, իրապես սկսել է գործել. պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձ: Ընդհանրապես, այս ոլորտում իրականացրած բարեփոխումների արդյունքում այսօրվա դրությամբ 236 անձ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է. առկա են նաև ընթացիկ գործեր, որոնք գտնվում են դատարանների վարույթներում:
5) Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող դատապարտյալների համար տեսակցության իրավունքի իրացումն ապահովելու նպատակով կարճատև տեսակցության փոխարեն, ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն է ընձեռնվել:
6) Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար կարճատև և երկարատև տեսակցությունների թիվը կրկնապատկվել է. տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության տրամադրման հնարավորություն է ստեղծվել:
7) ՄԻՊ-ի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում բացառվելու է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան:
8) Կալանավորված ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական, որը թույլ կտա նրանց իրականացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց իրավունքը:
9) Վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար կապիտալ վերանորոգման նպատակով միջոցներ են հատկացվել: Կառավարությունը 270 միլիոն 858 հազար դրամ է տրամադրել «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար:
10) 2019 թվականի հունվարի 1-ից գործելու է www.azdararir.am էլեկտրոնային հարթակը, որի օգնությամբ քաղաքացիները կկարողանան անանուն ազդարարել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին:
11) Ընդլայնվել է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը՝ գործող 9 օպերատորներից բացի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հնարավորություն է տրվել նաև «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը:
12) «Ներման մասին» նոր օրենքի հիման վրա Արդարադատության նախարարության կողմից կազմվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել 196 անձնական գործ՝ ներման խնդրագրերի հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
13) Էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում ներդրվել և գործարկվել է էլեկտրոնային հարցումների միասնական կայքը՝ www.e-request.am- ը, որի օգնությամբ քաղաքացիները կարող են իրենց հարցումները, դիմումներն ու բողոքները էլեկտրոնային եղանակով ներկայացնել տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ:
14) Աշխատանքներ են իրականացվում ՀՀ արդարադատության նախարարության e-notary և ՀՀ կենտրոնական բանկի էլեկտրոնային համակարգի միջև էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից վավերացվող էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերի առցանց եղանակով փոխանցումը ապահովելու նպատակով:
15) Ընդլայնվել են e-notary էլեկտրոնային համակարգի գործառույթներն ու էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը:
16) ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և փորձնական կիրարկման փուլում է գտնվում ՀՀ պետական մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.e-verify.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում ստուգել պետական մարմինների կողմից տրամադրված փաստաթղթերի վավերականությունը:
17) ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել են նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը, որոնք առաջիկայում կներկայացվեն հանրային քննարկման:
Օրենսդրական ակտեր
- «Փաստաբանության մասին» օրենքում կատարած փոփոխությամբ կընդլայնվի անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը:
- Քաղաքացիական օրենսգրքի փոփոխություններով կբարելավվի գրավի ինստիտուտը, ինչը դրականորեն կազդի «Գործարարությամբ զբաղվել» զեկույցի վարկանշային ցանկում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:
- Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծով վերանայվել են պարզեցված վարույթի ինստիտուտի իրավակարգավորումները, ինչի արդյունքում ակնկալվում է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը:
- «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների նախագծով՝
- կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը հնարավոր կլինի ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով,
- անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալիս Հայաստանի Հանրապետությունից բացակայելու կամ բանկ ներկայանալու անհնարինության դեպքում նոտարի կամ հյուպատոսական հաստատությունների համապատասխան պաշտոնատար անձի կողմից վավերացված՝ կենսաթոշակառուի ողջ լինելու փաստը հավաստող փաստաթղթի հիման վրա կենսաթոշակի վճարումը շարունակելու հնարավորություն կտրվի,
- դադարեցված կենսաթոշակի վճարումը հնարավորի կլինի վերսկսել նաև լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա:
- «Սնանկության մասին» օրենքում փոփոխությունների նախագծով բարելավվելու են սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետությոնը, պրոֆեսիոնալիզմը և հաշվետվողականությունը, բարձրանալու է սնանկության վարույթի արդյունավետությունը, կրճատվելու են վարույթի ժամկետներն ու ծախսերը:
- Կառավարության մի շարք որոշումներում կատարած փոփոխությունների նախագծով բացառվել է իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը:
- Խոշտանգումների կանխարգելման հիմնահարցի շրջանակում մշակվել է խոշտանգում կատարած անձանց նկատմամբ համաներում, խոշտանգում կատարած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատելու, ինչպես նաև այդ արարքի անպատժելիությանը հանգեցնող այլ համարժեք միջոցներ կիրառելու արգելք նախատեսող օրենսդրական նախագիծ: