ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ու ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում են համատեղ իրականացնել աբոնեմենտային համակարգի ներդրման գործընթացը: Նախատեսվում է Dasaran կրթական հարթակում ստեղծել նոր մշակութային բաժին, որը հնարավորություն կընձեռի հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի ուսումնական տարվա ընթացքում անվճար այցելել 3 մշակութային կենտրոն: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է 11604.0 հազար դրամ տրամադրել Dasaran կրթական հարթակում նոր մշակութային բաժնի ստեղծման համար: Վերոնշյալ գումարն առաջացել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի դադարեցման հետևանքով: Աբոնեմենտային համակարգը հնարավորություն կտա շուրջ 380000 աշակերտի՝ անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցել իր համայնքի կամ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ մշակույթի նախարարությունների կողմից համատեղ «Քո արվեստը դպրոցում» և «Դասական երաժշտությունը դպրոց «Դաս A» ծրագրերի իրականացման նպատակով կհատկացվի 82795.0 հազար դրամ գումար: Ծրագրերի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում մշակութային կրթության բաղադրիչի բացը, բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, ընդլայնել քաղաքացիական գիտակցության և արվեստի ոլորտում աշակերտների ճանաչողության սահմանները:
ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ մշակույթի նախարարների պաշտոնակատարները մանրամասներ են ներկայացնել իրականացվող վերոնշյալ ծրագրերի ընթացքից և նշել, որ արձանագրված արդյունքները, դպրոցներից և ծնողներից ստացվող արձագանքը նույնպես դրական է: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման ծրագրերի իրականացումը և ուրախալի համարել աշակերտների շրջանում գիտության, արվեստի նկատմամբ հետաքրքրության առկայությունը: Առաջարկվել է նմանատիպ ծրագրեր իրականացնել զորամասերում, ինչպես նաև կալանավայրերում: Վարչապետի պաշտոնակատարն իր խոսքում նշել է, որ արվեստը շատ կարևոր է նաև մարտունակության բարձրացման առումով. «Կարծում եմ՝ կարող ենք նոր ծրագիր մշակել նաև զինված ուժերի ներկայացուցիչների համար»: