78 հաղորդում, երկու քրեական գործ. Քննչական կոմիտեն՝ ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած դեպքերի մասին

ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 11-ի ժամը՝ 11:00-ի  դրությամբ, ստացվել է 78 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 12-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 9-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Լոռու, 1-ական՝ Վայոց Ձորի և Տավուշի մարզերում և 24-ը՝ ԶՔԳՎ-ում:

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 71-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ընտրակաշառքին, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում կրկնաքվեարկության փորձ կատարելու դեպքերով նախապատրաստվող թվով 5 նյութերից չորսով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Արմավիրի մարզային Քննչական վարչությունում ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես՝ Արմավիր քաղաքի բնակչուհին դեկտեմբերի 9-ին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում բացատրություն է տվել այն մասին, որ, աշխատելով իր բնակության վայրում գտնվող սննդի  օբյեկտներից մեկում, իր տնօրենից ցուցում է ստացել  2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկի օգտին: Իսկ այն բանից հետո, երբ տնօրենը տեղեկացել է տվյալ թեկնածուին չընտրելու մասին, ըստ քաղաքացու տված բացատրության, իրեն ազատել են աշխատանքից: Դեպքի առթիվ ՀՀ  Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական գործով նախաքննություն իրականացնելու համար գործն ուղարկվել է ՀՔԾ:

Ներկա պահին ընտրությունների օրվա ընթացքում ստացված հաղորդումներից 73 վերաբերյալ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրվան նախորդող ժամանակահատվածում ենթադրյալ իրավախախտման վերաբերյալ Քննչական կոմիտեում ստացվել էր 6 հաղորդում, որոնցից  մեկով նյութերն ուղարկվել է ՀՔԾ, իսկ մեկ այլ դեպքով հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակչուհին Լոռու մարզային քննչական  բաժնում բացատրություն է տվել, որ դեկտեմբերի 3-ին իրենց տան բակ են գնացել երիտասարդ աղջիկ ու տղա և իրեն առաջարկել են ընտրակաշառք՝ սննդամթերքի տեսքով:  Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հորդվածի 2-րդ մասով, և նախաքննություն իրականացնելու համար գործն ուղարկվել է ՀՔԾ:

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել