Նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը բացասական է

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը, առաջին ընթերցումով քննարկվել է «Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը:

Հարակից զեկույցում Ռուստամ Մախմուդյանը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել առաջարկին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը կարծիք է հայտնել, որ կառավարության դիրքորոշումը բացասական է, քանի որ Սահմանադրությամբ եւ Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածում այս հարցի առնչությամբ հստակ կարգավորում նախատեսված է: Գործադիրն առաջարկում է օրենսգրքի 11-րդ հոդվածը թողնել անփոփոխ:

ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կարեւորել է օրենսգրքում իրավական անորոշությունը բացառող դրույթի ամրագրումը, քանի որ կարգավորումն առնչվում է ազգային անվտանգությանը:

Տիգրան Ուրիխանյանն առաջարկել է կառավարությանը վերանայել դիրքորոշումը:

Քվեարկության արդյունքում չի ընդունվել կառավարության՝ օրենսգրքի 11-րդ հոդվածն անփոփոխ թողնելու առաջարկը: Հեղինակի նախաձեռնությունը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քվորումի բացակայության պատճառով ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը չեն կայացել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել