Արդարադատության նախարարությունը հերքում է. նախարարի պաշտոնակատարը քարոզարշավի ընթացքում ծառայողական ավտոմեքենայից և վառելիքից չի օգտվում:
Այս մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:
«ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ «Hraparak.am» կայքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին տեղ գտած «ՀՀԿ-ն մշտապես պետք է մեղավորի կարգավիճակով հանդես գա» վերտառությամբ հրապարակման մեջ լրագրողի պնդումը, թե Արտակ Զեյնալյանն «աշխատում է քարոզարշավին զուգահեռ՝ օգտագործելով պետական միջոցները՝ ծառայողական ավտոմեքենա, վառելիք, վարորդ և այլն», իրականությանը չի համապատասխանում։
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելիս օգտվում է իր քաղաքական ուժի մյուս անդամների համար ևս հատկացված նույն փոխադրամիջոցից:
ՀՀ արդարադատության նախարարությունը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, պահանջել է «Hraparak.am» կայքում հրապարակել դրա հերքումը»,-գրում է նա: