Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր երևան եկած հանգամանքներով ևս մեկ բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան

Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ նրանք ևս մեկ բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով :

Բողոքը վերաբերվում է ազգային անվտանգության ծառայության տնօրենի և հատուկ քնչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունից հետո ի հայտ եկած հանգամանքներին. «Այն բանից հետո, երբ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացվեց, պարզվեց, որ առաջին ատյանի դատարանը որոշումը կայացրել է որոշակի ճնշումների ազդեցության ներքո: Երբ մենք հիմա լսում ենք ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները, ստացվում է, որ առաջին ատյանի դատարանում կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացված է եղել այն նպատակով, որպեսզի անձանց ստիպեն ցուցմունք տալ: Այսինքն՝ այդ միջնորդությունը օրինական նպատակ չի հետապնդել: Որպեսզի պարոն Քոչարյանին կալանավորեն, նախ, պետք է ապացուցված համարեն, որ պարոն Քոչարյանը այս գործով չպետք է օգտվի անձեռնմխելիության իրավունքից: Երկրորդը, եթե կապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, դրանից հետո պետք է քննարկվեր՝ արդյո՞ք առկա է հիմնավոր կասկած, որ Քոչարյանը կատարել է այն ամենը, ինչն իրեն մեղսագրվել է: Եթե հիմնավոր կասկածը չկա, դարձյալ ոչինչ քննարկվել չէր կարող: Սակայն հիմնավոր կասկածը ևս բավարար չէ՝ նրան կալանավորելու համար, պետք է ապացուցվի նաև, որ Քոչարյանը ազատության մեջ մնալու դեպքում հնարավոր է թաքնվի քննությունից և խոչընդոտի նախաքննությանը»,- նշեց Ալումյանը։

Լրագրողների այն դիտարկմանը, թե ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը ապօրինի ապացույց է և արդյոք չի ստացվում, որ նա ապօրինի ապացույցի հիման վրա բողոք է ներկայացրել դատարան, Ալումյանը պատասխանեց. «Չկա դատավճիռ, որից կհետևեր, որ այդ գաղտնալսումը եղել է ապօրինի»։

Հիշեցնենք,  որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի Մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է  ՔՕ 300.1 հոդվածով, այն է սահմանադրական կարգը տապալելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել