Կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը կհաղթահարվի. կառավարությունը հավանություն կտա նախարարության նախագծին

Կառավարությունը այսօր՝ նոյմեմբերի 29-ին, կքննարկի նվազագույն կենսաթոշակ սահմանելու մասին նախագիծը: Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։

Կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության թիրախային նպատակադրումներից մեկը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ (պարենային) աղքատությունը հաղթահարելն է։

2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497394, որից. աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (Ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ։

Համաձայն 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» հրապարակման (https://armstat.am/am/?nid=82&id=1988)` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ:

Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ։

Հաշվի առնելով կենսաթոշակառուների թվի ավելացման միտումները՝ 2019 թվականին պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կանխատեսվում է 17640, որից.

  • 0-ից 12 տարվա ստաժ ունեցող տարիքային կենսաթոշակառուներ՝ 4096,
  • 0-ից 26 տարվա ստաժ ունեցող` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակառուներ՝ 52160,
  • 0-ից 6 տարվա ստաժ ունեցող՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ՝ 146,
  • 0-ից 8 տարվա ստաժ ունեցող՝ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ՝ 1839,
  • 0-ից 12 տարվա ստաժ ունեցող՝ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ՝ 6343։

2019 թվականին պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր կլինի նաև.

  • 524 անձի` Ծառայությունից տրվող հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ (վճարվում է խորհրդային բանակի զինվորական հաշմանդամներին, ովքեր ունեն հաշմանդամության 3-րդ խումբ),
  • 3448 անձի` ուժային մարմիններից տրվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը (հիմնականում` երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող շարքային կազմի պարտադիր ժակետային զինծառայողներ, շարքային կազմի զոհված և մահացած զինծառայողների ընտանիքների անդամներ):

Նախարարությունը հաշվի առնելով վերը նշվածները և կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նախ նվազեցնելու նպատակադրումը՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։

Առաջարկվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Այս գործիքը հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքներով կենսաթոշակի իրավունքի իրացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու լիազորությունը վերապահված է Կառավարությանը, իսկ այդ օրենքների կիրարկման կարգերում հղում է կատարված ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմանը, որով, նախկին իրավակարգավորումների համաձայն, արդեն իսկ սահմանված են այդ ցանկերը, նպատակահարմար է համապատասխան փոփոխություններ կատարել միայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, ոչ թե մի շարք օրենքներում և Կառավարության որոշումներում:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից։

Ընդ որում, ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում կատարված հաշվարկներում 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25500 դրամ (ծայրահեղ աղքատության գծի չափով)։

Ըստ այդմ, սահմանվել է, որ oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։

Նախագիծն ընդունվելու դեպքում, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ կառավարությունը կսահմանի նվազագույն կենսաթոշակի չափ, որից պակաս չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։

Ըստ այդմ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվարկված նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները 2019 թվականի հունվարի 1-ից կվճարվեն նվազագույն կենսաթոշակի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել