Կան արժեքներ, որոնք ենթակա չեն որեւէ շահարկման, չարաշահման, սակարկությունների. Արա Բաբլոյանը՝ Արցախի շուրջ քաղաքական ուժերի հայտարարությունների մասին

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զարգացող որոշ իրադարձությունների վերաբերյալ:

«Սիրելի գործընկերներ, սիրելի բարեկամներ, վերջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զարգացող որոշ իրադարձություններ չէին կարող ինձ անտարբեր թողնել: Այդ իրադարձությունները ստիպեցին ինձ կրկին դիմել բոլորիդ ավագ ընկերոջ իրավունքով:

Հայաստանի Հանրապետության շուրջ 30-ամյա պատմությունն ապացուցել է, որ կան արժեքներ, որոնք ենթակա չեն որեւէ շահարկման, չարաշահման, սակարկությունների, ինչպես նաեւ այդ արժեքները չեն կարող իջեցվել անձնական կամ քաղաքական նախընտրական շահերի մակարդակ: Այդ արժեքներում իր ուրույն տեղն ունի Արցախը: Ընդամենը երկու տարի առաջ՝ ապրիլին, բոլորս կրկին փաստեցինք ու համոզվեցինք, որ Արցախի անվտանգությունն ու արցախաբնակ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը գտնվում  են բոլորիս հոգածության ներքո: Մեզանից յուրաքանչյուրը ցույց տվեց, որ կանգնած է Արցախի ու արցախցու թիկունքին, ապացուցեց, որ մեր ողջ ուժն ուղղված է Արցախի ու արցախցու պաշտպանությանը:

Արցախի հարցում մեզանում գոյություն չպետք է ունենան սեւեր, կարմիրներ, սպիտակներ կամ կանաչներ: Քաղաքական գույների բաժանումները, եթե չենք կարողանում հրաժարվել դրանցից, տարածենք բացառապես քաղաքական պայքարի վրա, իսկ Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն ընդամենը մեկ միասնական գույն, եւ դա հայկական եռագույնն է: Ընդ որում, ասվածը հավասարապես վերաբերվում է բոլոր քաղաքական ուժերին:

Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապագան: Ուստի բոլորիդ հորդորում եմ Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների եւ բանավեճերի առօրյա բառամթերքից:

Դիմում եմ Արցախի իմ քույրերին ու եղբայրներին:

Խնդրում եմ նախընտրական այս օրերին զերծ մնալ կրքեր բորբոքելուց եւ անարձագանք թողնել հնչեցվող որոշ հայտարարություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, մտքերի ոչ ճիշտ ձեւակերպումների հետեւանք են: Ինչպես արդեն նշեցի, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ բարեկեցիկ ապագան բոլորիս միասնական նպատակն է»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել