Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նախարարության անձնակազմի հետ անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որի ընթացքում ոլորտային պատասխանատուները ներկայացրել են իրականացված, ընթացիկ և նախատեսվող աշխատանքները:
Անդրադարձ է կատարվել ծննդատներին մակարդակներ շնորհելու գործընթացին, ինչը կբարելավի մատուցվող ծառայությունների որակը, կկրճատվեն մայրական մահացության դեպքերը: Ներկայացվել է սուր իշեմիկ ինսուլտի ծրագիրը, որը զգալիորեն կնվազեցնի հաշմանդամությունը և մահացությունը: Նախարարը հետարքրքվել է նաև գրիպի պատվաստումների ընթացքով և բյուջետային տարվա ամփոփմամբ, ինչպես նաև 2019 թվականի բյուջեում ներառված ծրագրերի նախապատրաստական աշխատանքներով:
Միաժամանակ, քննարկվել է հեպատիտ C-ի կանխարգելման և բուժման կազմակերպման, ինչպես նաև հիվանդների ռեեստր ստեղծելու հնարավորությունը:
Արսեն Թորոսյանը հանձնարարել է դիտարկել և առաջարկություն ներկայացնել 2019-ից հեպատիտ C-ի դեղորայքային բուժման ազգային ծրագիր ներդնելու հարցը` առայժմ շուրջ 1000 հիվանդի համար: