Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է «Մանկապատանեկան մարզադպրոցների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող պահանջներ» N 2.1.2.002-18 սանիտարական կանոնները` համաձայն հավելվածի:
Հրամանը ստորագրվել է հոկտեմբերի 10-ին, ուժի մեջ է մտնում այսօր՝ նոյեմբերի 25-ին։
«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.2.002-18 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները (այսուհետ` կանոններ) սահմանում են մանկապատանեկան մարզադպրոցների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները:
2. Սույն կանոնների պահանջները տարածվում են բոլոր մանկապատանեկան մարզադպրոցների վրա, անկախ դրանց սեփականության և կազմակերպաիրավական ձևից, գերատեսչական պատկանելիությունից:
3. Նոր կառուցվող, վերակառուցվող մանկապատանեկան մարզադպրոցների շենք-շինությունների տեղադրմանը և հողամասերի գործառնական կառուցվածքին, սենքերի գործառնական խմբերին, կազմին և մակերեսներին, ծավալահատակագծային լուծումներին, կահույքի և սարքավորումների տեղադրմանը, բնական և արհեստական լուսավորությանը, ինսոլյացիային, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, ջեռուցմանը և օդափոխությանը, սենքերի ներքին հարդարմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի թիվ 103-Ն հրամանով:
4. Սույն կանոնների պահանջները չեն տարածվում մանկապատանեկան մարզադպրոցների կազմում գործող լողավազանների վրա:
ԳԼՈՒԽ II. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ՕԴԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
5. Մանկապատանեկան մարզադպրոցների մարզադահլիճներում ապահովվում է +17-200C օդի ջերմաստիճանային պայմաններ, հանդերձարաններում՝ առնվազն +20-220C, սպասասրահներում՝ +18-220C:
6. Մանկապատանեկան մարզադպրոցների մարզադահլիճներում դասերի ժամանակ արտաքին ջերմաստիճանի համեմատ 50C բարձր տարբերության պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզադահլիճում պարապմունքներն անցկացվում են բաց օդանցքերով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է պարապմունքների ընդմիջման ժամանակ՝ սաների բացակայությամբ:
7. Մանկապատանեկան մարզադպրոցների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը` 40-60% սահմաններում:
ԳԼՈՒԽ III. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
8. Մանկապատանեկան մարզադպրոցների հիմնական տարածքները պետք է ունենան բնական և արհեստական լուսավորություն: Առանց բնական լուսավորության թույլատրվում է նախագծել լվացարանները, ցնցուղարանները, մարզադահլիճների զուգարանները, անձնակազմի ցնցուղարանները և զուգարանները, պահեստները:
9. Մանկապատանեկան մարզադպրոցների մարզադահլիճներում արհեստական լուսավորությունը լումինեսցենտային լամպերով պետք է լինի (հատակի վրա) ոչ պակաս քան 200 լյուքս, միջանցքներում, ռեկրեացիաներում (հատակի վրա)՝ ոչ պակաս քան 150 լյուքս:
ԳԼՈՒԽ IV. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
10. Մանկապատանեկան մարզադպրոցների շենքերն ապահովվում են շուրջօրյա խմելու-տնտեսական հոսող ջրով և ջրահեռացման համակարգով: Ժամային գրաֆիկով ջրամատակարարման դեպքում, առնվազն սանհանգույցների սարքավորումները (լվացարանները, զուգարանակոնքերը) ապահովվում են ջրակուտակիչ տարողություններով՝ մշտական հոսող ջրի ապահովման նպատակով:
11. Կենտրոնացված ջրամատակարարման համակարգից, այդ թվում՝ մանկապատանեկան մարզադպրոցների ջրակուտակիչ տարողություններով կամ մանկապատանեկան մարզադպրոցների սեփական աղբյուրից տրվող խմելու ջրի որակը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին:
12. Մանկապատանեկան մարզադպրոցների սեփական աղբյուրից տրվող խմելու ջրի աղբյուրի կառույցի համար ապահովվում է սանիտարական պահպանման գոտիներին ներկայացվող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 803 հրամանի պահանջները:
13. Չկոյուղացված բնակավայրերում տեղակայված մանկապատանեկան մարզադպրոցներում, միայն տեղային մաքրման սարքավորումների առկայության դեպքում, տեղադրվում է կոյուղու ներքին ցանց՝ միացված կեղտաջրերի կուտակման ջրանթափանց հորին կամ կեղտաջրերի տեղային մաքրման սարքավորմանը: Կեղտաջրերի կուտակման ջրանթափանց հորից կեղտաջրերի հեռացումը կատարվում է մասնագիտացված կազմակերպության կողմից՝ հորի 2/3 լցվելուց հետո:
ԳԼՈՒԽ V. ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
14. Մանկապատանեկան մարզադպրոցների մարզադահլիճի հատակը և պատերը պետք է ունենան լվացման և ախտահանման ենթակա մակերես: Հատակը, պատերը և այլ մակերեսները պետք է լինեն հարթ առանց վնասվածքների` մարզիկների վնասվածքների կանխարգելման նպատակով: Ջեռուցման մարտկոցները տեղադրվում են պատուհանի տակ և ծածկվում են ցանցով:
15. Մանկապատանեկան մարզադպրոցներում 160-180 պարապողի համար կարող է լինել սպորտային ասպարեզ (մանեժ) (42х12 մ2 ) և մարզադահլիճ (36х18 մ2 ):
16. Մարզադահլիճներում պետք է տեղադրել միայն դասընթացներ անցկացնելու համար անհրաժեշտ սարքավորումներ: Մաքրման պարագաները պահպանվում են առաձնացված սենյակում:
17. Ըմբշամարտի դահլիճում պետք է լինի գորգ, որի հեռավորությունը պատերից պետք է լինի առնվազն 2 մ վնասվածքներից խուսափելու համար: Եթե հնարավոր չէ նման հեռավորությունը ապահովել, ապա պատերը 1,5 մ բարձրության վրա պետք է ապահովել փափուկ ծածկով:
18. Ցատկելու համար օգտագործվող ներքնակները պետք է բացառեն հատակին սողալու հնարավորությունը, դրանց մակերեսները չպետք է սայթաքիչ լինի: Ներքնակները պետք է լինեն հարթ, առանց վնասվածքների, մակերեսները ծածկված լինեն լվացման և ախտահանման ենթակա նյութերով:
19. Մարզիկների ձեռքերի համար օգտագործվող մագնեզիան պետք է պահվի կափարիչով արկղում:
20. Բացօթյա սպորտային տարածքները պետք է պահվեն մաքուր և լինեն հարթ, զերծ կողմնակի առարկաներից, որոնք կարող են վնաս պատճառել:
21. Ցատկերի համար նախատեսված ցատկափոսերը պետք է լցված լինեն մաղած մանր ավազով: Ցատկելուց առաջ ավազը պետք է հարթեցվի: Փոսերի եզրերը պետք է պատված լինեն ռետինե բիտումային ծածկույթով։
22. Ջրային մարզաձևերով պարապմունքների լողավազանի պայմանները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի թիվ 534-Ն հրամանով հաստատված «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջներին:
23. Մարզադպրոցների շենքը պետք է ներառի.
1) Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության գոտիներ՝ բացօթյա և դահլիճային պայմաններով,
2) Տեխնիկական և մարտավարական պատրաստվածության մարզաձևերի մասնագիտացված գոտիներ՝ սպասարկման սենքերի խմբերի հետ,
3) Վարչատնտեսական և այլ սենքեր, կախված մարզադպրոցի պրոֆիլից:
24. Մարզական պարապմունքներին անհրաժեշտ է ներկայանալ մարզահագուստով: Մարզագույքը և վարժասարքերը պետք է լինեն սարքին վիճակում:
25. Մանկապատանեկան մարզադպրոցների սենքերում աղմուկի մակարդակը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի թիվ 138 հրամանով հաստատված «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին: