Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որով մերժ է մեքենային հասցված փոխհատուցման համար Վաղինակ Բուդաղյանի դիմումը:
Վաղինակ Բուդաղյանը 2018 թվականի հոկտեմբերի 10-ի դիմում է ներկայացրել և հայտնել, որ 2018 թվականի մայիսի 10-ին, ժամը՝ 20:55-ի սահմաններում, իր սեփականությունը հանդիսացող «Mitsubishi Grandis 2.4» մակնիշի ավտոմեքենանյով Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայով երթևեկելիս ընկել է «Ռիցար» հյուրանոցի դիմացի մայթում գտնվող դիտահորի շուրջ քանդված փոսի մեջ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենայի աջ կողմի դիմացի և հետևի անվադողերը:
Քանի որ Վաղինակ Դավիթի Բուդաղյանը թույլ չի տվել ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների պահանջներին հակասող գործողություններ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՏՊ բաժանմունքի պետի կողմից 2018 թվականի հունիսի 8-ին կայացված որոշմամբ թիվ 2-7795 նյութերով վարչական վարույթը կարճվել է՝ կազմի բացակայության պատճառաբանությամբ:
Արդյունքում՝ Վաղինակ Բուդաղյանը խնդրել է հատուցել իր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենայի անվադողերին պատճառված վնասը, որն իրենից ներկայացնում է «Ավտոշեմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից տվյալ անվադողերը գնելու արժեքը:
Համաձայն «Ավտոշեմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի սեպտեմբերի 5-ին տրված տեղեկանքի՝ Վաղինակ Բուդաղյանը «Ավտոշեմ» ՍՊԸ-ից գնել է անվադող, որի արժեքը գնման պահին կազմել է 25 000 դրամ:
Վարույթի լսումների ընթացքում քաղաքացին հայտնել է, որ պատահարի հետևանքով վնասվել է թվով 2 անվադող, որոնք դեռևս վերանորոգման չեն ենթարկվել, և որպես վնասի փոխհատուցում, ակնկալում է հատուցում 50.000 դրամի չափով:
Քաղաքապետի որոշման մեջ նշվում է, որ քաղաքացու դիմումին կից ներկայացվել է էլեկտրոնային կրիչ, որում առկա է թվով 4 գունավոր լուսանկար և մեկ տեսաձայնագրություն, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանք ուղղակիորեն չեն պարունակում 2018 թվականի մայիսի 10-ին, ժամը՝ 20:55-ի սահմաններում տեղի ունեցած պատահարի և դրա հետևանքով Վաղինակ Բուդաղյանին պատկանող ավտոմեքենայի անվադողերը վնասված լինելու մասին տեղեկատվություն:
Վարույթի լսումների ընթացքում Վաղինակ Բուդաղյանը հայտնել է նաև, որ քանդված հատվածը սահմանազատված չի եղել, բացակայել են նախազգուշացնող ճանապարհային երթևեկության նշանները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի 2018 թ-ի օգոստոսի 29-ի գրությամբ, ի կատարումն Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի 2018 թ-ի օգոստոսի 24-ի հանձնարարականի, տեղեկացվել է, որ 2017 թ-ի հունվարի 1-ից մեկնարկել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծառայությունների մատուցման վարձակալության նոր պայմանագիր, որի կողմերն են հանդիսանում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն՝ որպես վարձատու և «Վիեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը՝ որպես վարձակալ:
Որոշման մեջ նշվում են նաև վարչական ակտն ընդունելու հիմնավորումները, որոնք են.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաղինակ Բուդաղյանի կողմից չեն ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջը հիմնավորող ապացույցներ և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ և 96–րդ հոդվածներով՝ քաղաքացու վնասի փոխհատուցում տրամադրելու մասին դիմումը մերժվել է:
Հավելենք, որ որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։