ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաման է ստորագրել 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:
Հրամանի նպատակն է դատախազական ներգործության գործիքակազմի միջոցով ապահովել համաներում հայտարարելու մասին օրենքի՝ ողջամիտ ժամկետներում և օրենսդրությամբ նախատեսված կարգով ճշգրիտ ու միատեսակ կիրառումը:
Սահմանվել է, որ դատախազության համապատասխան ստորաբաժանումներում և դատախազների կողմից մանրակրկիտ պետք է ուսումնասիրվեն մինչդատական քրեական վարույթում գտնվող քրեական գործերով համաներման մասին օրենքի կիրառման արդյունքում ընդունված որոշումները, ինչպես նաև առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններում քննված՝ անմիջական դատախազական հսկողության տակ գտնվող քրեական գործերով՝ նույն օրենքի կիրառմամբ կայացված դատական ակտերը: Ուսումնասիրության արդյունքում համաներման մասին օրենքի սխալ կիրառման դեպքեր հայտնաբերելիս ձեռնարկվելու են դրանցից բխող դատախազական ներգործության միջոցներ: Մասնավորապես՝ եթե առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններում քննված քրեական գործերով համաներման մասին օրենքի սխալ կիրառման դեպքեր կհայտնաբերվեն, պարտադիր քննարկման առարկա կդարձվի դատական այդ ակտերը բողոքարկելու հարցը:
Ուսումնասիրության առարկա է նաև համաներման կիրառման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկների պետերի կայացրած որոշումների օրինականությունը: Այդ շրջանակներում համաներման մասին օրենքի հետ անհամապատասխանություններ հայտնաբերելու պարագայում քայլեր կձեռնարկվեն դրանց վերացման և համաներման ենթակա դատապարտյալների իրավունքների վերականգնման ուղղությամբ:
Համաներման իրականացման՝ օրենքին համապատասխանության վիճակի ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված սխալների վերացման նպատակով դատախազական ներգործության միջոցների կիրառման գործըթնացը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի ուշադրության կենտրոնում: Արթուր Դավթյանի կողմից խնդիր է դրվել պարբերաբար և հնարավոր սեղմ ժամկետներում զեկուցել համաներման մասին օրենքի կիրառման օրինականության ապահովման ընդհանուր վիճակի, ինչպես նաև դատախազների և դատախազության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքների մասին:
Համաներման մասին օրենքի կիրառման վերջնական արդյունքները կամփոփվեն մինչև 2019թ. փետրվարի վերջ, որի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին կներկայացվի հաղորդում:
Բացի այդ, նկատի ունենալով համաներման հետևանքով հանրապետությունում հանցագործության դեպքերի հնարավոր աճի հետ կապված ռիսկերը և դրանց նախականխման և կանխման աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացված հսկողություն իրականացնել համաներմամբ պատժի հետագա կրումից ազատված, ինչպես նաև նախաքննության և դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցված այն անձանց հետագա վարքագծի նկատմամբ, որոնք մեղադրվել են դիտավորությամբ կատարված հանրորեն առավել վտանգավոր արարքների համար և որոնց ազատության մեջ գտնվելու ընթացքում դրսևորած վարքագիծը նախկինում աչքի է ընկել քրեածին բարձր ռիսկայնությամբ:
Այս ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարվել է ուսումնասիրություն: Դրա արդյունքներով կազմվել և ոստիկանություն է ուղարկվել պատժի կրումից ազատված, վերը նշված ռիսկերը պարունակող անձանց ցանկ՝ նրանց մշտական օպերատիվ տեսադաշտում պահելու, այդ անձանց մոտ հանցանք կատարելու նախահակվածությունը նվազագույնի հասցնելուն ուղղված համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար: