ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի21-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպում-քննարկմանը, որը նախաձեռնել էր Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը: Հանդիպմանը ծավալուն ելույթով հանդես է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հարցուպատասխանի ձևաչափով ծավալված քննարկման ընթացքում Երևանի թիվ 155 դպրոցի աշակերտ Էդուարդ Գասպարյանը հարց է բարձրացրել 18 տարին լրացած ծնողազուրկ երեխաների աշխատանքի խնդրի վերաբերյալ և առաջարկել` ստեղծել մի կրթահամալիր, որտեղ լավագույն արհեստավորները կկարողանան իրենց փորձը փոխանցել սովորողներին: Ներկայացված առաջարկին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ՄԿՈՒ ոլորտում ներկայում բարեփոխումներ են իրականացվում և փորձ է արվում բիզնեսի հետ համագործակցությամբ ներգրավել լավագույն մասնագետներին: «Արդեն 4 ընկերությունների հետ հուշագիր ունենք, որոնց շնորհիվ քոլեջների սովորողները կրթություն են ստանում և պարակտիկա անցնում այդ ընկերություններում: Սա լավ օրինակ է, որը համադրում է կրթությունը և աշխատանքը: Կարծում եմ՝ այս մոտեցումը մասամբ լուծում է ձեր բարձրացրած խնդիրը: Համաձայն եմ նաև, որ կարելի է ստեղծել մի մեծ կենտրոն, որտեղ արհեստների լավագույն մասնագետներն իրենց փորձը կփոխանցեն սովորողներին»,-նշել է նախարարի պաշտոնակատարը:
Երևանի թիվ 181 դպրոցի աշակերտ Վլադիմիր Կարոյանի հարցը վերաբերում էր դասագրքերի ապահովման խնդրին: Նախարարի պաշտոնակատարը նշել է. «Դասագրքերը մեր մեծ խնդիրներից են, բայց կարծում եմ՝ հաջորդ տարվանից դասագրքերի պակասի առումով խնդիր չենք ունենա: Բայց առավել էական է դասագրքերի և ծրագրերի խնդիրը: Իմ կրտսեր գործընկերները ճիշտ հարց բարձրացրեցին. այսօր դասգրքերն ու ծրագրերը բարդ ու անհետաքրքիր են այն աստիճանի, որ աշակերտը չի ուզում դպրոց հաճախել, և դա ազդում է կրթության որակի վրա: Հիմա մենք մեծ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ փետրվարին կներկայացնենք գոնե մեկ նոր դասագիրք, որը տեխնիկական վերջին զարգացումների շնորհիվ շատ ավելի հետաքրքիր կլինի աշակերտների համար: Չեմ ուզում անակնկալը բացել, բայց կարծում եմ դասագրքի այս ձևը ճնշող մեծամասնությանը դուր կգա և հետաքրքրություն կառաջացնի աշակերտների շրջանում: Քանակի առումով եկող տարի խնդիր չենք ունենա, իսկ որակի առումով խնդիրները կվերանան առաջիկա տարիներին: Նշեմ նաև, որ ցանկացած երկրում հանրակրթության ոլորտի բարեփոխումներն անմիջապես արդյունք չեն տալիս և ժամանակ են պահանջում, իսկ դրա համար հիմա լավ հիմքեր են դրվում: Մի բան էլ եմ ուզում ասել. ներկայացված բոլոր խնդիրները ես բարձրաձայնել եմ, ու ինձ համար հաճելի է, որ դուք գիտակցում եք այդ խնդիրները: Ինձ համար կարևոր է, որ մեր բարեփոխումները հոգեհարազատ են մեր աշակերտներին: Ըստ էության` անում ենք այն, ինչ բարձրաձայնում եք դուք, իհարկե, քննարկումների արդյունքում: Օգտվելով առիթից նշեմ, որ մենք ունենք ուսուցիչների և տնօրենների խորհուրդներ, որոնցից կարծիք ենք հարցնում, բայց ֆունկցիոնալ առումով աշակերտների խորհուրդներ չունենք, որից կարծիք հարցնենք: Ասօրվանից կմտածենք այդ մասին և ձեզ էլ կընդգրկենք այդ խորհրդում»:
Երևանի թիվ 12 դպրոցի աշակերտ Անգելինա Արությանի կարծիքով` աշակերտների ձայնը լսելի դարձնելու խնդիր կա: Ուստի ցանկանում է, որպեսզի աշակետներին հնարավորություն տրվի հենց ԿԳ նախարարի մոտ հնչեցնել իրենց անհանգստացնող հարցերը: Նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պատասխանել է. «Շատ կարևոր է՝ միշտ լսել նաև աշակերտների ձայնը: Դրա համար գուցե ստեղծենք պատանի խորհրդատուների խորհուրդ, ճշգրտենք մեխանիզմները: Սակայն նշեմ, որ հաճախ եմ լինում իմ հարազատ դպրոցում, այնպես որ, կարող եք Ձեզ հուզող հարցերը բարձրացնել նաև այնտեղ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
Երևանի թիվ 190 ավագ դպրոցի աշակերտ Մերի Հովհաննիսյանն առաջարկել է ավագ դպրոցներում ընդունելությունը կատարել քննություններով, որին ի պատասխան՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է. «Օրենքով հանրակրթությունում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, մենք պետք է ապահովենք 12-ամյա կրթության հասանելիություն բոլոր աշակերտների համար: Ցանկանում եմ այս դրույթը շեշտադրել, քանի որ մեր հիմնական սկզբունքն է՝ որակյալ կրթություն բոլորի համար, որը մեծ խնդիր է նույնիսկ զարգացած երկրներում: Այլ հարց է, որ ավագ դպրոցում պետք է հիմնական շեշտը դնենք կրթության որակի վրա և նոր բովանդակություն հաղորդենք»: Երևանի թիվ 21 դպրոցի աշակերտ Ստեփան Դաշյանն առաջարկել է կատարել փոփոխություն, որպեսզի որոշ առարկաների ցածր գնահատականները չխանգարեն բուհ ընդունվել: Այդ կապակցությամբ Արայիկ Հարությունյանն ընդգծել է. «Ներկա պահին այդ հարցի շուրջ ընթանում են քննարկումներ. առաջարկվում է սահմանել գիտելիքի որոշակի մակարդակներ, ինչ թույլ կտա ավարտել դպրոցը և դուրս չմնալ հետագա կրթությունը շարունակելու գործընթացից: Սակայն նշեմ, որ դեռևս որոշում չկա»: