Դեկտեմբերի 1-ին լրանում է ֆիզիկական անձանց գույքահարկի վճարման ժամկետը

Դեկտեմբերի 1-ին լրանում է ֆիզիկական անձանց գույքահարկի վճարման ժամկետը, որը գանձում է համայքը:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է՝ ժամանակին վճարելով գույքահարկն ու հողի հարկը, կխուսափեք տույժերից ու տուգանքներից: Կարևոր է իմանալ նաև, որ հենց քաղաքացիների անմիջական մասնակցության ու հարկերի պարտաճանաչ վճարման շնորհիվ հնարավոր է լուծել Երևանի խնդիրները՝ մանկապարեզների սպասարկումից սկսած մինչև կանաչապատում, պոլիկլինիկաներից մինչև բնակարանային ֆոնդի պահպանում:

Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ գույքահարկի իր վճարումն այսօր կատարեց նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցներից քաղաքապետը հետաքրքրվեց՝ որքանո՞վ են Երևանի բնակիչներն ակտիվ իրենց հարկային պարտավորությունների կատարման գործում: Հայկ Մարությանը զրուցեց նաև բնակիչների հետ, լսեց խնդիրների մասին ու վստահեցրեց, որ դրանք քայլ առ քայլ կստանան լուծումները:

Շարժական և անշարժ գույքի կամ հողի տարեկան հարկի չափի ու վճարման ենթակա պարտավորությունների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական yerevan.am կայքից: Ի դեպ, վճարման ենթակա գումարի չափի մասին տեղեկատվությունը թարմացվում է ամեն օր:

Վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով քաղաքացիներին մի քանի տարբերակ է առաջարկվում: Նախ՝ PIN-կոդերն ու անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու և վճարելու համար պետք է զանգել վարչական շրջանների թեժ գիծ կամ պարզապես այցելել վարչական շրջանի աշխատակազմ: Ստանալով կոդը՝ կարելի է նաև կայքում մուտքագրել այն և վճարում կատարել տեղում: Վճարել հնարավոր է նաև բջջային հավելվածների, վճարման տերմինալների միջոցով և բանկերում:

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշում է, որ գույքահարկը մայրաքաղաքի կարիքները հոգալու ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուր է:

«Այս առումով շատ կարևոր է ապահովել ամբողջական հավաքագրում: Երևանի յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտակցի անձնական քաղաքացիական պարտականությունը ու նաև գույքահարկի պարտաճանաչ վճարմամբ մասնակցություն ունենա քաղաքի խնդիրների լուծմանը»,- ասում է փոխքաղաքապետը:

Տարվա ընթացքում քաղաքացիները պարբերաբար տեղեկություն են ստանում պարտավորությունների ժամկետների մասին՝ հեռախոսազանգով կամ տեքստային հաղորդագրություններով:
Սակայն մինչ օրս դեռ կան անգամ խոշոր ընկերություններ ու թանկարժեք գույքի սեփականատերեր, որոնք, ինչ-ինչ պատկերացումներից ելնելով, չեն շտապում վճարել իրենց գույքահարկը:

Հարկ է իմանալ, որ գույքահարկի կամ հողի հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելը, Հարկային օրենսգրքի համաձայն, օրական հաշվարկով կիրառվող տույժեր է նախատեսում: Իսկ վճարումը չկատարելու դեպքում ի վերջո գործերը փոխանցվում են իրավապահ գերատեսչություններին:

«Շատ կարևոր է, որ մեր բնակիչները վստահ լինեն, որ, հարկային պարտավորությունները կատարելով, իրենց յուրաքանչյուր լուման գնում ու ծառայում է նպատակին, այդ թվում տարեկան և հնգամյա զարգացման ծրագրերի իրականացմանը», -շեշտում է Հայկ Սարգսյանը:

Գույքահարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը սահմանվում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով: Միևնույն ժամանակ յուրաքանչյուր տարի Երևանի ավագանին հաջորդ տարվա համար որոշակի սոցիալական խմբերի համար սահմանում է արտոնություններ՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան պատերազմում զոհվածներ, հաշմանդամներ: Զինծառայության մեջ տվյալ պահին գտնվող անձինք օրենսդրությամբ ազատվում են գույքահարկից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել