Կառավարությունը որոշում կընդունի զինծառայողին ծառայության վայրում բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու մասին

Նոյեմբերի 22-ի կառավարության նիստի ժամանակ գործադիրը որոշում կընդունի պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին:

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները: Փոխհատուցման չափի որոշման հիմքում դրվել են պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամների քանակի և ծառայության ու վարձակալված բնակելի տարածության վայրերի միջև հեռավորության սկզբունքները, նախատեսվել են փոխհատուցման իրավունքի և վճարման դադարեցման պայմանները:

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ՉԱՊԱՀՈՎՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը ՝ համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարվում է վարձակալության պայմանագրում նախատեսված չափով, սակայն ոչ ավելի, քան՝

1) Երևան քաղաքում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85000 դրամ.

         2) այլ քաղաքներում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 50000 դրամ.

         3) այլ բնակավայրերում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 25000 դրամ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

ՀՀ կառավարության 2018

թվականի     N –     Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ՉԱՊԱՀՈՎՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ

  1. Սույն կարգով կագավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) պահանջների համաձայն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող պայմանագրային զինծառայողների և օրենքով նրանց հավասարեցված անձանց կողմից վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի գործողությունը տարածվում է՝

         1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, ազգային անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում (այսուհետ նաև՝ համապատասխան մարմին) զինվորական (քրեակատարողական) ծառայության մեջ գտնվող անձանց վրա.

         2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց վրա:

  1. Սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց (այսուհետ՝ նաև շահառուի) ընտանիքի անդամ են համարվում՝

         1) ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները.

         2) համատեղ բնակվող՝ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող՝ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:

  1. Սույն կարգի համաձայն վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն շահառուները, ովքեր ծառայության անցկացման վայրում չեն ապահովվել ծառայողական բնակելի տարածությունով և ծառայության անցկացման վայրի վարչատարածքային միավորի (համայնքի) ու շահառուի մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության գտնվելու վայրի վարչատարածքային միավորի (համայնքի) միջև հեռավորությունը կազմում է 30 և ավելի կիլոմետր: Շահառուի ծառայության անցկացման և մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության վայրը (վայրերը) բազմաբնակավայր համայնքում (համայնքներում) գտնվելու դեպքում՝ սույն կետում նշված հեռավորությունը հաշվարկվում է հիմք ընդունելով շահառուի ծառայության անցկացման և մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության բնակավայրի միջև եղած հեռավորությունը: Սույն կետի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների (համայնքների), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում՝ բնակավայրերի միջև հեռավորությունների մասին տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ համապատասխան մարմնի հարցման հիման վրա:
  2. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից չի օգտվում այն շահառուն՝

         1) ով ծառայության անցկացման վայրի վարչատարածքային միավորից (համայնքից), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում՝ տվյալ բնակավայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ ունի մշտական բնակության հաշվառում կամ սեփականության իրավունքով բնակելի տարածություն.

         2) ով սույն կետի 1-ին ենթակետի շրջանակներում ծառայության ընթացքում փոխել է մշտական բնակության հաշվառման վայրը կամ օտարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը.

         3) ում ընտանիքի անդամը շահառուի ծառայության անցկացման վայրի վարչատարածքային միավորից (համայնքից), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում՝ տվյալ բնակավայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ միանձնյա սեփականության իրավունքով ունի բնակելի տարածություն.

         4) ով բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքել է ամուսնու (կնոջ) կամ իր կամ ամուսնու (կնոջ) ծնողի, զավակի, քրոջ կամ եղբոր հետ:

  1. Սույն կարգի համաձայն շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն ապահովելու նպատակով համապատասխան մարմնում ստեղծվում է բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որի թվաքանակը, անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը: Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան 2 ամիսը մեկ անգամ:
  2. Հանձնաժողովը բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ եզրակացությունը կայացնում է սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա: Հանձնաժողովի դրական եզրակացության կայացման օրվանից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու դիմում ներկայացրած զինծառայողին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել նոտարական կարգով հաստատված՝ բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պատճենը: Հանձնաժողովի դրական եզրակացության և նոտարական կարգով հաստատված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է համապատասխան մարմնի ղեկավարի հրամանի նախագիծ՝ շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տալու մասին, և ներկայացվում համապատասխան մարմնի ղեկավարի հաստատմանը:
  3. Հանձնաժողովի կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն կայացնելիս փոխհատուցման չափի որոշման հիմքում դրվում են հետևյալ սկզբունքները.

1) այլ բնակավայրի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում կամ այլ բնակավայրում բնակելի տարածություններ վարձակալելիս՝ սույն որոշմամբ այլ բնակավայրերի համար սահմանված չափով,

2) այլ քաղաքի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում կամ այլ բնակավայրում բնակելի տարածություններ վարձակալելիս՝ սույն որոշմամբ այլ քաղաքների համար սահմանված փոխհատուցման չափով,

3) Երևան քաղաքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում կամ այլ բնակավայրում բնակելի տարածություններ վարձակալելիս՝ վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրի համար սույն որոշմամբ սահմանված փոխհատուցման չափով:

  1. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու նպատակով զինծառայողն իր ծառայության վայրի զորամասի հրամանատարի (այլ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի), իսկ կադրերի տրամադրության տակ գտնվելու դեպքում՝ կադրային մարմնի ղեկավարի, ուղեկցող գրությամբ հանձնաժողով է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

         1) դիմում՝ հասցեագրված հանձնաժողովի նախագահին.

         2) տվյալ զորամասում (ստորաբաժանումում) ծառայության նշանակվելու (կադրերի տրամադրության տակ թողնվելու) հրամանի պատճենը և ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք՝ զորամասից (կադրային մարմնից).

         3) տեղեկանք՝ զորամասից (ստորաբաժանումից) (կադրային մարմնից) շահառուի ընտանիքի կազմի մասին՝ նշելով վարձակալված բնակելի տարածությունում նրա հետ բնակվող անձանց անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան թիվը, ազգակցական կապը: Եթե զինծառայողն ամուսնացած չէ, ապա տեղեկանքով հաստատվում է միայն վարձակալությամբ բնակվելու հանգամանքը՝ նշելով վարձակալված բնակելի տարածության հասցեն.

         4) վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող՝ մինչև 23 տարեկան ուսանող զավակների համար՝ տեղեկանք ուսումնական հաստատությունից.

         5) վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող անձանց հաշմանդամությունը կամ անգործունակությունը (եթե այդպիսիք առկա են) հաստատող փաստաթղթի պատճենը.

         6) շահառուի և վարձակալված բնակելի տարածությունում նրա հետ բնակվող չափահաս անձանց անձնագրերի պատճենները՝ հաշվառման էջով, ամուսնության վկայականի և անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները՝ հաստատված զորամասի հրամանատարի (կադրային մարմնի ղեկավարի) կողմից, իսկ անձնագրի փոխարեն նույնականացման քարտ ներկայացվելու դեպքում՝ տեղեկանք բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից՝ անձի հաշվառման վերաբերյալ.

         7) տեղեկանք Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին.

         8) կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի պատճենը (առանց նոտարական հաստատման):

  1. Սույն կարգի 9-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը հիմք է ընդունվում ոչ ավելի, քան երկու ամիս վաղեմության ժամկետ ունենալու դեպքում:
  2. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու դիմումը հետ է վերադարձվում, եթե շահառուի բնակարանային պայմանները չեն բավարարում սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջները՝ շահառուին գրավոր տեղեկացնելով դիմումի հետ վերադարձման պատճառները: Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում շահառուին գրավոր առաջարկվում է 15-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում դիմումը հետ է վերադարձվում: Սույն կետում նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն իրականացվում է սույն կարգի 7-րդ և 12-րդ կետերի համաձայն: Սույն կետում նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու հիման վրա դիմումը հետ վերադարձնելուց հետո զինծառայողը կարող է սույն կարգի պահանջների համաձայն կրկին դիմել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու համար:
  3. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է սույն կարգով սահմանված պահանջները բավարարող շահառուի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողով մուտք լինելու ամսվա 1-ից սկսած՝ շահառուի հաշվե համարին յուրաքանչյուր ամսվա համար անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով: 13. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման չափը կարող է փոփոխվել շահառուի դիմումի հիման վրա կամ հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ շահառուի ընտանիքի անդամների թվի ավելանալու կամ նվազելու դեպքում՝ հաշվի առնելով սույն կարգի 3-րդ կետի պահանջները: Սույն կետում նախատեսված դեպքում հանձնաժողովը կայացնում է նոր եզրակացություն:
  4. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացող և օրենքով սահմանված կարգով կադրերի տրամադրության տակ թողնված (կադրերի ռեզերվում գրանցված) շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը շարունակում է վճարվել կադրերի տրամադրության տակ թողնելու (կադրերի ռեզերվում գրանցելու)՝ օրենքով սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում, բացառությամբ՝ սույն կարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված դեպքում:
  5. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը շարունակելու համար շահառուն պետք է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը իր ծառայության վայրի զորամաս (կադրային մարմին) ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանք՝ կնքված վարձակալության պայմանագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով եկամտահարկի վճարում կատարված լինելու մասին: Նշված ժամկետի ընթացքում տեղեկանք չներկայացվելու դեպքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է, և տվյալ տարվա համապատասխան ամիսների համար վճարված փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
  6. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը դադարեցվում է՝

         1) շահառուի դիմումի համաձայն.

         2) հանձնաժողովի նախաձեռնությամբ՝

ա. սույն կարգի 5-րդ կամ 15-րդ կետերով սահմանված դեպքերում.

         բ. օտարերկրյա պետություն ուսման կամ ծառայության գործուղվելու հիման վրա շահառուին՝ օրենքով սահմանված կարգով կադրերի տրամադրության տակ թողնելու դեպքում, եթե շահառուն չունի ընտանիք կամ շահառուի հետ օտարերկրյա պետություն է մեկնում նաև նրա ընտանիքը.

         գ. օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասին 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքով զինվորական պաշտոնից ազատվելու դեպքում՝ եթե շահառուն չունի ընտանիք.

         դ. շահառուի՝ ծառայությունից արձակվելու դեպքում:

  1. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացած և համապատասխան ծառայությունից արձակվելու հետևանքով փոխհատուցումը դադարեցված, սակայն հետագայում համապատասխան ծառայությունից արձակելու մասին հրամանը ոչ իրավաչափ ճանաչվելու հիմքով շահառուին ծառայության վերականգնելու դեպքում շահառուին վճարվում է նաև ծառայությունից արձակվելու օրվանից մինչև ծառայության վերականգնելու օրն ընկած ժամանակահատվածի համար բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման ողջ գումարը՝ եթե շահառուն համապատասխան ծառայությունից արձակվելուց հետո օրենքով սահմանված կարգով չի լուծել բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը: Սույն կետում նշված գումարը և ծառայության վերականգնելու օրվանից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարելու նպատակով շահառուն ներկայացնում է բնակելի տարածության վարձակալության գործող պայմանագիրը, ինչպես նաև սույն կարգի 15-րդ կետում նախատեսված՝ Պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը՝ կնքված վարձակալության պայմանագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով եկամտահարկի վճարում կատարված լինելու մասին:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել