Փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիներից բացի մյուս քաղաքացիներն էլ են բողոքում. ավագանու անդամ

Նոյեմբերի 9-ին քաղաքապետարանում ընդունել են փողոցային առևտրով զբաղվող մի խումբ քաղաքացիների:

Նրանք հավաքվել են քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի դիմաց և պահանջել են ապօրինի առևտրի դեմ պայքար ծավալելիս հաշվի առնել նաև իրենց վաստակի խնդիրը:

Քաղաքացիներին ընդունել են քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը և Երևանի ավագանու անդամներ:

Ավագանու անդամ Լևոն Զաքարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ թեպետ փողոցային առևտուրն արգելված է, քաղաքացիներին միգուցե որոշ ժամանակ էլ տրվի, թույլատրեն մինչև Նոր տարի շարունակել իրենց աշխատանքը:

«Նրանք պատճառաբանում էին, որ ունեն որոշակի պարտքեր, ծախսեր, որոնք հենց այդ առևտրի հետ են կապված, և ցանկանում են գոնե այդ գումարները կարողանան հետ բերել: Դեռևս հարցը քննարկման փուլում է: Փոխքաղաքապետն ինձ մեկնաբանեց, որ պետք չէ ուղղակի օրենքը կիրառել և մարդկանց արգելել: Պետք է գտնել որոշակի միջոցներ, ճանապարհներ փնտրել, որպեսզի այդ մարդկանց համար կարողանանք նոր տաղավարներ ստեղծել կամ շուկաներում ազատ տեղեր գտնել, ի դեպ՝ մատչելի»,-ասաց Լևոն Զաքարյանը:

Նա նաև նշեց, որ դժգոհություններ լսվել են ոչ միայն առևտրով զբաղվող քաղաքացիներից, այլև՝ անցորդներից:

Մանրամասները՝ տեսանյութում

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել