Այլևս հույս չունենան, որ 27 տարին լրանալուց հետո փոխհատուցելու են ու վերադառնան Հայաստան․ Դավիթ Տոնոյան

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր զինծվորական ծառայության համար զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը։

Իրավաբան․net-ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը նշում է, որ Հայաստան վերադառնալիս, 27 տարին լրացած քաղաքացիները համապատասխան փաստաթղթեր են ներկայացնում ՀՀ զինվորական կոմիսարին՝ խնդրելով հրահանգել համապատասխան տարածքային զինվորական  կոմիսարին՝ ընթքացք տալ քաղաքացու դիմումին և նշված օրենքի կարգով լուծում տալ նրա զինապարտության խնդրին։ Այդ դիմումից շուրջ 15 օրվա ընթացքում տրամադրվում է հատուկ հաշվեհամար, որին պետք է փոխանցվի օրենքով սահմանված գումարը, որը յուրաքանչյուր զորակոչի համար կազմում է 200 հազար դրամ։ Վճարումից հետո ուղեգրերը ուղարկվում են կայազորային քննչական բաժին, որի վարույթում գտնվում են հարուցված գործերը։

«Ստանալով հավաստագիրը՝ գումարի վճարման վերաբերյալ, կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվում է։ Համապատասխան թույլտվություն է հայցվում դատախազությունից խափանման միջոց ընտրելը վերացնելու առումով։ Միաժամանակ որոշում է ընդունվում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ»,-նշում է փաստաբանը։

Ի պատասխան Իրավաբան․net-ի հարցին, թե ի՞նչ է սպասվում առաջիկայում, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշեց, որ շատ երիտասարդներ Հայաստանից մեկնում են դեռևս այն ժամանակ, երբ 15-16 տարեկան են լինում, այսինքն այն երիտասարդները, որոնք հիմա 27 տարեկան են՝ հայրենիքից հեռացել են 9-10 տարի առաջ։

«Ես վստահ եմ, ես պնդելու եմ, որ այսօր, ով ՀՀ քաղաքացիություն է ստանում և կցագրման ժամկետի մեջ է, այսինքն մեկնելիս 15 կամ 16 տարեկան է եղել, այլևս հնարավորություն չունենա, հույս չունենա, որ 27 տարեկանը լրանալուց փոխհատուցելու է և հետ գա»,- ասաց Դավիթ Տոնոյանը։

Նշենք նաև, նոյեմբերի 8-ին, կառավարության նիստին գործադիրն առաջարկություն է ներկայացրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած և 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով երկարաձգել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը՝ 2018 թ. դեկտեմբերի 31-ը:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել