ԱԺ-ում 2019-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշեց, որ նախատեսվում է բժիշկների աշխատավարձի բարձրացում:
2018-ի 178 հազար դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել 240 հազար դրամ, բուժքույրերի համար 80 հազար դրամի փոխարեն սահմանել 120 հազար դրամ, իսկ կրտսեր բուժանձնակազմի համար 80 հազար դրամի փոխարեն սահմանել 100 հազար դրամ:
«Խոսքը առողջության առաջնային պահպանման բուժանձնակազմի աշխատավարձին է վերաբերում, որի բյուջեն մենք ավելացնում ենք: Մենք այս տարի էլ ենք աշխատավարձ բարձրացրել, մյուս տարի էլ կբարձրացնենք: Իրականում դա դրույքաչափերն են, իրականում բժիշկները դրանից տարբերվող աշխատավարձ են ստանում, կարող են լինել բժիշկներ, որ դրանից ավելի կստանան, կարող են լինել բժիշկներ, որ պակաս կստանան»,-նշել է Թորոսյանը: