Վանաձորում նորակառույց բժշկական կենտրոն է շահագործման հանձնվել

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մասնակցությամբ տրվել է Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնի շահագործման մեկնարկը: Վանաձորի ԲԿ հիվանդանոցային մասնաշենքը կառուցվել է  քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ ծննդատան մասնաշենքը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, և հագեցվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով` «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ուղղակի վերահսկողության ներքո:

Այս մասի հայտնում են առողջապահության նախարարությունից։

«Այսօր շահագործման ենք հանձնում մարզային ևս մեկ, ժամանակի պահանջներին համապատասխան բժշկական հաստատություն: Այսօր իր դռներն է բացում Վանաձորի նոր բժշկական կենտրոնը, որը Լոռու մարզի մոտ 220 հազար, և մասնավորապես Վանաձորի 79 հազար բնակչությանը հնարավորություն կտա տեղում` իրենց բնակավայրին մոտ երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական ծառայություններ ստանալու: Սա նշանակում է, որ մարզի բնակչությունը կարող է ստանալ որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ առանց հասնելու մայրաքաղաք` խնայելով ժամանակը, կրճատելով ծախսերը»,- բացման խոսքում նշել է Արսեն Թորոսյանը, հավելելով, որ գերնպատակ է համահարթեցնել առողջապահական ծառայությունների որակը մայրաքաղաքում և մարզերում, և սա հերթական քայլն է, որ որակյալ բուժօգնությունը հասանելի ու մատչելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն իր խոսքում ընդգծել է. «Մինչ ծրագրի սկսելը նախնական գնահատում էր արվել, հասկանալու համար, թե որն է նպատակահարմար՝ վերանորոգել հին մասնաշենքերը, թե կառուցել նոր բժշկական կենտրոն: Արդյունքում, թե՛ տնտեսապես, թե՛ առողջապահական հաստատություններին ներկայացվող ժամանակակից պահանջներին համապատասխանելու առումով՝ նպատակահարմար էր դիտվել նոր կենտրոնի կառուցումը: Այսուհետ շտապ օգնության, առողջության վերականգնման միջոցառումներն իրականացվելու են հարմարավետ, շահագործման համար անվտանգ և ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնում»:

Վանաձորցիներին այս իրադարձության առթիվ ողջունեցին և շնորհավորեցին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի անունից՝ Սարգիս Կարապետյանը:

Այնուհետև ներկաները շրջեցին տարածքում, ծանոթացան նորակառույց բժշկական կենտրոնի հնարավորություններին:

Նորակառույց այս բարձրակարգ կենտրոնը բաղկացած է երկու մասնաշենքից՝ հիմնական (150 մահճակալ) և ծննդատան (40 մահճակալ), ընդհանուր ունի 190 մահճակալ հզորություն, վերազինվել է այնպիսի բժշկական սարքերով, որոնք նախկինում չեն եղել Լոռու մարզում: Օրինակ` կգործի անգիոգրաֆիայի բաժանմունքը` ժամանակակից անգիոգրաֆիկ սարքով, ինչը հնարավորություն է ընձեռում իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բժշկական միջամտություններ, նաև իրականացնելու ներերակային լազերային կոագուլացիա՝ վարիկոզ հիվանդության ու սուր թրոմբոֆլեբիտների բուժման նպատակով, որը քիչ տրավմատիկ է և ապահովում է հիվանդների արագ վերականգնումը: Առկա է նաև համակարգչային շերտագրման սարք, էլեկտրանեյրոմիոգրաֆ, բազմաֆունկցիոնալ թվային ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման շարժական և ստացիոնար սարքեր, նորածինների սիպապ: Եվ, որ ամենակարևորն է, ապահովել է վերապատրաստված ու բանիմաց մասնագետներով: Միաժամանակ, ամբողջովին արդիականացվել է  հեմոդիալիզի բաժանմունքը՝ տրամադրվել են հեմոդիալիզի 15 սարք և ջրի մաքրման կայան:

Նորաստեղծ «Վանաձորի  բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ընդհանուր ներդրումները կազմել են՝ 6,647.0 մլն ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել