Այսօր՝ նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության 5-րդ համաժողովը:
Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց տարիներ շարունակ քրտնաջան աշխատանք կատարած անձանց, նա նշեց, որ դեպքերն են լինում, երբ աշխատակիցները մինչ ուշ երեկո աշխատավայրում են լինում, ինչի արդյունքում էլ հասել են նրան, ինչ այսօր ունեն:
Նա նաև կարևորեց այն, որ հաշվապահները մեծ ներուժ պետք է գործադրեն ոլորտի նորություններից ետ չմնալու համար ու, եթե անգամ կես ամիս չկարդան հաշվապահության ոլորտում կատարված փոփոխությունների մասի, չեն կարող լինել ոլորտի առաջատարներից:
Վահագն Համբարձումյանը կոչով դիմեց բոլոր հաշվապահներին. « Միայն ու միայն աշխատասեր մարդու աչքերով նայեք առաջ: Ես կոչ եմ անում կրել և՛ հարկ վճարողի շահերի պաշտպանի կոչումը, և՛ պետական մտածելակերպի քարոզչի կոչումը»,-ասաց նա:
Ասոցիացիայի անդամ Նունե Եփրեմյանը ներկայացրեց կազմակերպության 4 տարիների գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունը: Նա նշեց, որ 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որով ասոցիացիան և գործակալությունն իրենց իրավասության շրջանակում սկսել են աջակցել փոքր ձեռնարկատիրության զարգացմանը և բնակչության զբաղվածության ապահովմանն ուղղված համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացմանը:
2016 թվականի դեկտեմբերի 16-ից ասոցիացիան հանդիսանում է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ:
2017 թվականին ասոցիացիան ընդգրկվել է Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի կազմում:
2018 թվականի մայիս ամսից ասոցիացիան ընդգրկվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված ՔՀԿ ինկուբատորի կազմում:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա ներկայացրեց ասոցիացիայի դերն ու նշանակությունը կյանքում: ՀՀ ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը ներկայացրեց ասոցիացիայի դերն ու նշանակությունը ՓՄՁ-ների գործունեությունում:
Ելույթներով հանդես եկան նաև Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի նախագահ Հովհաննես Պետրոսյանը, Եղեգնաձորի, Սիսիանի և Արմավիրի հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրենները:
Նշենք, որ համաժողովին ներկա էին շուրջ 380 մասնակից: