Չորս զինծառայողի մահվան պատճառ դարձած ավտովթարը տեղի է ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին․ ՊՆ

Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

Պատահարի հետևանքով մահացել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքային Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ), շարքային Հրանտ Արայի Գասպարյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ), Էդգար Արմենի Հունանյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ), Դավիթ Բենիամինի Մելքոնյան (1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ):

Կան վիրավորներ:

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ վթարի հետևանքով մահացածները ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանն են եղել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել