Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «Մարտի 1-ի» գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի նկատամամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննչական մարմնի միջնորդության քննումը:
Այս մասին նրա փաստաբան Միհրան Պողոսյանը գրում է.
«ՀՀ հատուկ քննչական ծառայության գործելաոճը չի փոխվել ու չի փոխվելու…
Սակայն ակնհայտ է մեկ բան – փոխվել է կալանավորումը որպես խափանման միջոց ներկայացնելու «կարգը»
Այժմ պարտադիր է որպեսզի մինչ գործողության կատարումը հասարակությանը և դատարաններին իշխանության բարձրագույն մարմինները «հոգեբանորեն» պատրաստեն «բացահայտումներին», պարտադիր շահարկեն մարտի 1-ից 2-ը տեղի ունեցած դեպքերի ժամանակ 10 զոհերին՝ դրանով խաղալ հասարակության զգայուն թելերի վրա, դատարաններին կաշկանդել՝ նշելով, որ դատարանների կողմից կայացված որոշումները «ստուգվելու» են անհայտ մարմնին և դրանից բխող անհայտ հետևանքներով հետո նոր միայն կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնեն դատարան…
Դե դատարանն էլ կաշկանդված լինելով հասարակական մեծ ճնշմամբ «պետք» է գործի «շառից/փորձանքից» հեռու սկզբունքով և կայացնի ցանկալի դատական ակտը, հակառակ պարագայում կդառնա հասարակական և իշխանական պարսավանքի առարկա,կհայտարարվի «հակահեղափոխական» դատարան և «վառել» վանկարկումների տակ կուղարկվի տուն՝ հանգստանալու…
Հ.Գ. Ես հեղափոխությանը մասնակցել եմ ոչ այսպիսի Հայաստան կառուցելու ու ունենալու համար, որտեղ քննիչը, երբեկ չի սխալվում, իսկ սխալվելու պարագայում մեղավորը դատարանն է, ով նկատեց այդ սխալը…»:
Հավելենք, որ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը: