Կառավարությունը վաղը՝ նոյեմբերի 1-ին, հերթական նիստի ժամանակ որոշում կընդունի մինչև 2019 թ-ի ավարտը «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նոր հիվանդանոցային մասնաշենքը շահագործման հանձնելուց հետո, ընկերության հողատարածքներն ազատել և հանձնել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, այլ ոչ թե «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին:
Հարցը գործադիրի անդամներին կներկայացնի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։
Որոշման նախագծում նշվում է, որ Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման N 4 հավելվածի «IV. Սևանի տարածաշրջան» բաժնի 10-րդ կետի համաձայն նախատեսվում է` «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նոր հիվանդանոցային մասնաշենքի կառուցումից հետո, ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման արդյունքում ազատել և առողջապահության նախարարության «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով հանձնել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հողատարածքները` շուրջ 2,165 հեկտար մակերեսով, հիվանդանոցային երկու մասնաշենքերը 2155,5 քառ. մետր և 1086,2 քառ. մետր մակերես տարածքներով, պահակատան մասնաշենքը` 33,0 քառ. մետր մակերես տարածքով, էլեկտրական ենթակայանի մասնաշենքերը` 52,6 քառ. մետր մակերես տարածքով և դիարանի շենքը` 78,6 քառ. մետր մակերես տարածքով:
Ներկայում գույքը և հողատարածքները գտնվում են «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռի վրա և այն տեղ են տեղակայված Սևանի բժշկական կենտրոնի բոլոր ծառայությունները («Սևանի հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը դեռևս հանձնված չեն): Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հանձնել Սևանի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցումը, այնուհետև հողատարածքները կհանձնվեն պետական գույքի կառավարման կոմիտեին:
Միևնույն ժամանակ առողջապահության նախարարության ենթակայության «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը հոգեկան խնդիրներ ունեցող պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում է հոգեբուժական հիվանդնանոցին պատկանող տարածքներում, ուստի լրացուցիչ մասնաշենքերում ծառայությունը ծավալելու անհրաժեշտություն չկա:
Նախագծում նաև նշվում է, որ վերոնշյալ տարածքները գտնվում են Սևանա լճի ափամերձ գոտու հարևանությամբ և կարող են օգտագործվել հանրային նպատակներով: