Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում։
Ուրցաձորցիները բողոքում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի այն որոշման դեմ, որով Գևորգ Ավետիսյանը նշանակվել է Ուրցաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:
Համայքնի ավագանու անդամ Ռուզաննա Սարգսյանը նշում է, որ շուրջ մեկ շաբաթ է, ինչ նա նշանակվել է, սակայն ուրցաձորցիները չեն թողել անգամ համայնքապետարան մուտք գործի։ Նրանց խոսքով, Գևորգ Ավետիսյանը բավարար հմտություններ չունի, որպեսզի ղեկավարի գյուղը։
«Մենք չենք ուզում, մենք չենք համաձայնում, թող չլինի ոչ մեկ, բերեք Փարիզից մեկին դրեք, թող աշխատի, եթե նա ունակ է աշխատելու, բայց ոչ այդ մեկը։ Ինչու պետք է նրանք իրենց ուզած մարդուն նշանակեն, ինչ է թե անձնական շահեր ունեն։ Մեր գյուղապետը շատ լավ էր աշխատում էր, ով կարող էր ասել վատ էր աշխտում։ Ո՞վ որոշեց, որ վատ է աշխատում ու պետք է հրաժարական տա։ Մենք չենք կարող ընդունել, նա չի կարող գյուղ ղեկավարել, պարզապես չի կարող, նրա ինտելեկտը այնպիսին չէ, որ նա կարողանա։ Նա պետք է նստի գյուղապետարանում, աշխատակազմի ղեկավարները գան սովորեցնեն, թե ի՞նչ կարելի է անել»-ասաց Ռուզաննա Սարգսյանը։
Ուրցաձորցիները նշում են, որ նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանից իրենք գոհ են եղել և չէին ցանկանա, որ հրաժարական տա, սակայն նա հրաժարական է տվել, որպեսզի գյուղում լարվածությունը թուլանա։
Լուրեր են պպտվում, թե Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարակն է տվել Պետական վերահսկողության ծառայության ուսումնասիրությունների և ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի Ուրցաձոր այցից հետո։
Ինչպես արդեն նշել էինք, այս լուրերը նախկին համայնքապետը հերքել էր՝ նշելով, որ հրաժարականը եղել է բացառապես իր որոշմամբ․ «Հայտարարում եմ, որ պարոն Սանասարյանի հետ ընդամենը ունեցել եմ աշխատանքային խոսակցություն»,-նշում է նա։
Ալիսա Չիլինգարյան