ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Շիրակի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2008 թվականից մինչև 2016 թվականը, Շիրակի մարզի Անիի համայնքնապետարանում աշխատելով որպես օժանդակ աշխատանքներ իրականացնող, համայնքապետարանի աշխատակիցներն իրեն չեն հաշվառել որպես աշխատող:
Բացի այդ, ըստ հաղորդման, համայնքապետարանի աշխատակիցները, աշխատակցից վերցնելով վերջինիս աշխատավարձի վճարման բանկային քարտը, 2016թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս նրա աշխատանքի դիմաց վճարված աշխատավարձը կանխիկացրել են, որի մի մասը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ, հափշտակել:
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով ու 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր, հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: