ՀՀ ոստիկանությունը հրապարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Նախագծով առաջարկվում է, ներդնել և կիրառել տուգանային միավորները:
Ըստ այդմ, տուգանային միավորները կիրառվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ` սույն օրենսգրքի հատուկ մասով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը ավարտվելու օրվանից) մեկ տարի ժամկետով տրվում է 9 միավոր:
Նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր:
Նախագծի 13-րդ հոդվախով առաջարկվում է փոփոխություն անել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածում:
Այսպիսով, առաջարկվում է,
- Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով / 2 միավոր:
- Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում`5000 դրամի չափով / 1 միավոր:
- Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում`5000 դրամի չափով / 1 միավոր:
- Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով / 2 միավոր:
- Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 դրամի չափով (5000 դրամի փոխարեն):
- Ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում`5000 դրամի չափով(10 000 դրամի փոխարեն):
- Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 20 000 դրամի չափով / 2 միավոր:
- Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով` առաջացնում է տուգանքի նշանակում`20 000 դրամի չափով / 2 միավոր:
- Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25 000 դրամի չափով (30 000-ի փոխարեն)/ 2 միավոր:
- Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը` 15 000 դրամի չափով / 1 միավոր:
- Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կամ բեռնատար ավտոմոբիլների վարորդների կողմից ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք և ավելի երթևեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտիով երթևեկելը, բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի` առաջացնում է տուգանքի նշանակում` 7 000 դրամի չափով (5000-ի փոխարեն):
- Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը`առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով (200 000 դրամ տուգանքի փոխարեն):
Նույն օրենսգրքի 124. հոդվածում կատարել այս փոփոխությունները
- Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ 20000 դրամի չափով տուգանք /2 միավոր (նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափի փոխարեն):
- Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 25 000 դրամի չափով / 3 միավոր (100 000 դրամ տուգանքի փոխարեն):
- Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25 000 դրամի չափով / 4 միավոր (200 000 դրամ տուգանքի փոխարեն):
- Երթևեկության սահմանված արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցելը՝ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 6 ամսից մինչև 6 ամիս ժամկետով (500 000 դրամ տուգանքի փոխարեն):