ՀՀ ոստիկանությունը հրապարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Իրավական ակտերի համաձայն՝ 3-րդ հոդվածով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 25.1-ին հոդվածով.
«Հոդված 25.1. Տուգանային միավորը
- Տուգանային միավորները կիրառվում են ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ կատարած անձանց նկատմամբ` սույն օրենսգրքի հատուկ մասով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
- Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը ավարտվելու օրվանից) մեկ տարի ժամկետով տրվում է 9 միավոր:
- Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:
- Այն դեպքում, եթե սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար հանվող միավորները գերազանցում են անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվում են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից:
- Սույն օրեսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր: Տուգանային միավորի չափը սահմանվում է ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից:»:
Նախագծի 21-րդ հոդվածի համաձայն, առաջարկվում է օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 129.3-րդ հոդվածով.
«Հոդված 129.3. Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով
- Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` 6 ամիս ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:
- Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պարբերաբար խախտում է համարվում 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր:»:
Նշենք նաև, որ հստակ սահմանվում է, թե որ խախտման համար որքան միավոր է նշանակվելու: Խախտումների համար նախատեսվող միավորներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:
Նախագծի ամբողջական տարբերակին ծանոթացեք՝ այստեղ։