Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել  Ազատամուտ համայնքի ղեկավարի, ինչպես նաև ՝ նույն համայնքի կոմունալ ծառայության տնօրենի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քերական գործը:

Նկատի ունենալով, որ նշված քրեական գործերը հարուցվել են Տավուշի մարզի նույն համայնքի ղեկավարի և համայնքապետարանի ենթակա ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ, 24.08.2018թ. որոշում է կայացվել քրեական գործերի նախաքննությունը մեկ վարությում շարունակելու մասին:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականներին  Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժ.Մարտիրոսյանը  համայնքի բյուջեից ստացել և առերևույթ յուրացրել է իր անվամբ դուրս գրված և որպես գործուղման վճարներ ձևակերպված ընդհանուր 276.000 ՀՀ դրամ զգալի չափերով գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում հարուցվել էր մեկ այլ քրեական գործ՝ Ազատամուտ համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչուհու առանձնատանը սահմանված կարգի խախտմամբ տիրանալու դեպքի առթիվ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով: Ժ.Մարտիրոսյանի  նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն  իրականացնող դատախազի կողմից որոշում էր կայացվել՝ համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել