Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 16-ին Գավառում տեղի ունեցավ հանդիպում «Համայնքում առկա կազմակերպությունների ներկազմակերպական մշակույթի ներառականության և վերջինիս ուղղությամբ քաղաքականություն ունենալու հետ կապված խնդիրները» թեմայով, որը ներկայացնում էր ներառականության փորձագետ Լիլիա Խաչատրյանը:
Հանդիպմանը ներկա էին ՔՀԿ ներկայացուցիչներ, հանրակրթական և հատուկ դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ:
Լիլիա Խաչատրյանը խոսեց դպրոցների ներառականության մասին՝ անդրադառնալով բազմազանությանը: Շատ կարևոր է ներառականությունը դիտարկել լայն իմաստով: Պետք է հաշվի առնել միջավայրը, կարիքները և այդ կարիքների մեջ հատուկ կարիքները:
Վերջինս նշեց, որ ներառական է այն միջավայրը, որն անվտանգ է, որտեղ իրենց ապահով են զգում և աշխատակիցները, և շահառու անձինք:
Հանդիպմանը ներկա Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի ուսուցչուհին նշեց, որ ոլորտում շատ քիչ են վերապատրաստում անցած մասնագետները, նրանք էլ անընդհատ նոր գիտելիքների ու հմտությունների կարիք ունեն:
«Աժդահակ» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Վահագն Դաբաղյանը նշեց, որ շատ դժվար է ճանաչել ներառականության սահմանը, գիտակցել՝ որտեղ է սահմանաբաժանը, հասկանալ՝ որտեղ է ոտնահարվում դիմացինի իրավունքը:
Հանդիպման ավարտին մասնակիցները հույս հայտնեցին, որ նմանատիպ քննարկումները կլինեն շարունակական: