Կառավարությունն ընդունել է «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թ. սեպտեմբերի 8-ի համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի հիման վրա ԵԱՏՄ անդամ մի շարք պետություններ կիրառում են «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման փորձնական համակարգ: Այդ համակարգը ՀՀ-ում նախատեսվում է կիրառել 2018 թ. նոյեմբերի 1-ից: Որոշմամբ նախատեսվում է նաև փորձնական ծրագրի շրջանակում հարկ վճարողներին հսկիչ նշանները տրամադրել անվճար:
Կառավարության որոշմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը որպես պետական սեփականություն ամրացվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին: Արդյունքում Վայոց ձորի մարզում կստեղծվի նոր բազմապրոֆիլ բժշկական կենտրոն: Հիմնավորման համաձայն, մարզում նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման աշխատանքներն ընդգրկվել են Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» վարկային ծրագրի շրջանակում:
Գործադիրի որոշմամբ 2019 թ. փետրվարի 17-ին ՀՀ Արմավիրի մարզի Մարգարա համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: