Ս.թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 08:45-ի սահմաններում, հայ-վրացական սահմանի՝ Լոռու մարզի Ճոճկան գյուղի տեղամասում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգի կողմից առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտ մուտք գործելու և սահմանային ռեժիմը խախտելու համար ձերբակալվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Ա.Ս-ն (ծնված 1982թ.) և Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ն (ծնված 1964թ.), ովքեր տվյալ տարածքում զբաղվել են որսորդությամբ: Վերջիններիս մոտ հայտնաբերվել են օրինական գրանցված որսորդական ողորկափող հրացաններ:
Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները Ա.Ս-ին և Ա.Մ-ին հանձնել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցներին՝ հետագա քննության, անօրինական գործունեության հանգամանքները պարզաբանելու նպատակով:
Հարկ է նշել, որ նմանատիպ դեպք վերջերս արձանագրվել է նաև ՀՀ պետական սահմանի հարավային հատվածում: Ս.թ. սեպտեմբերի 18-ին, հայ-իրանական սահմանի տեղամասում՝ Մեղրի-Հորադիզ ավտոճանապարհին, սահմանապահ զորքերի զինծառայողները ձերբակալել են սահմանային շերտ անօրինական մուտք գործած 5 անձանց՝ զինված երկփողանի ողորկափող որսորդական հրացաններով, որոնցից 2-ը եղել են ապօրինի: Վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել են 12 տրամաչափի 20 հատ և 16 տրամաչափի 78 հատ փամփուշտներ, 5 փասիան և 15 կաքավ տեսակի թռչուններ: Կազմվել են համապատասխան արձանագրություններ, որից հետո վերոնշյալ 5 անձինք և նրանց մոտ հայտնաբերված իրերը փոխանցվել են ԱՀ ոստիկանության Հադրութի բաժնի աշխատակիցներին՝ հետագա քննության, քաղաքացիների անօրինական գործունեության հանգամանքները պարզելու և օրենքով սահմանված կարգով իրավական ընթացք տալու նպատակով:
ՀՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերը քաղաքացիներին հորդորում են զերծ մնալ սահմանային ռեժիմի խախտման դեպքերից և մեկ անգամ ևս հիշեցնում, որ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է սահմանային շերտում որսորդությամբ զբաղվելը: