Շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծառայակիցների կողմից Գ.Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի վերաբերյալ:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը։
Իշխանության անգործություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հարոյանին վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ վաշտի հրամանատար կապիտանին մեղադրանք է առաջադրվել`ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով։ Կապիտանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով: