Զինծառայողների չօգտագործված բոլոր արձակուրդների փոխհատուցման համար նախագիծ է մշակվել

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փոփոխություններ են նախատեսվում զինծառայողների զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին փոխհատուցմանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածը սահմանում է չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման կարգը, սակայն միևնույն ժամանակ օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

Օրենգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով օրենսդիրը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասում կարգավորելով զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու կարգը, նախատեսել է Օրենսգրքից տարբերվող երկու կարգավորում՝

  1. փոխհատուցում տրվում է ոչ ավելի, քան զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց,
  2. փոխհատուցում տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:

Սահմանադրական դատարանն իր 2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1424 որոշմամբ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասին, զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակվելու մասով ճանաչել է Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 73-րդ և 82-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված կարգավորումների նպատակն է ի կատարումն Սահմանադրական դատարանի որոշման ապահովել օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրությանը:

Նախագծով սահմանվել է չօգտագործված բոլոր արձակուրդների համար Կառավարության սահմանած չափով հատուցում ստանալու իրավունքը: 

Բացի այդ անցումային դրույթներով հետադարձ ուժ է տրվել օրենքին՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով այն զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, որոնց փոխհատուցում է տրամադրվել 2017 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում դիմել չօգտագործված արձակուրդի համար տրամադրված փոխհատուցման վերահաշվարկ կատարելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել