Կառավարությունը վաղը՝ հոկտեմբերի 10-ին, հերթական նիստին որոշում կընդունի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին։
Արտաքին գործերի նախարարությունը որոշման նախագծի իր եզրակացության մեջ նշում է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կայուն զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ։
«Արձանագրության վավերացումը կամ հաստատումը բխում է էներգետիկ շուկաների և գազափոխադրման ենթակառուցվածքների զարգացման կարևորությունից, ինչպես նաև գազամատակարարման հուսալիության ապահովման անհրաժեշտությունից։
Հայաստանը և Ռուսաստանը փոխադարձ շահագրգռվածություն ունեն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՀ) գործունեության տեսանկյունից։
2013թ. դեկտեմբերի 2-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև ««ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրում կատարվել է թվով չորս փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը 2018թ. օգոստոսի 2-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև ««ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության հաստատումը կամ վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է։
Արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյան»։
Ֆինանսների նախարարության եզրակացության մեջ նշվում է, որ արձանագրություններով ՀՀ-ի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:
««Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերոնշյալ արձանագրություններին առնչվող պարտավորություններ նախատեսված չեն:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյան»։
Արդարադատության նախարարության եզրակացության մեջ էլ նշվում է, որ արձանագրությունը չի պարունակում ՀՀ օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
«Գտնում ենք, որ Արձանագրությունում վավերացման ենթակա դարձնող հիմքեր առկա չեն:
Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ` Կ. Խտրյան»։
Նախագծի ընդունման դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կստորագրի կառավարության որոշումը՝ նախագահի հրամանագրի նախագծին հավանություն տալու մասին և կներկայացնի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։