Զրուցեցի դատապարտյալների ու կալանավորված անձանց հետ. Արտակ Զեյնալյանը այցելել է «Վանաձոր» ՔԿՀ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնում է, որ հոկտեմբերի 2-ին քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այցելել է«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում խնդիրներին ծանոթանալու համար:

«Զրուցեցի դատապարտյալների ու կալանավորված անձանց հետ. նրանց հիմնական բողոքը դուրս էր Արդարադատության նախարարություն իրավասություններից, քանի որ կապված էր քրեական գործերի հետ:
Այնուհետև, շրջեցի քրեակատարողական հիմնարկի տարածքում, բնակելի գոտում, հանձնուքների ընդունման սենյակում, ճաշարանում, ծանոթանացա սննդի պահման պայմաններին, օրվա ճաշացանկին, համտեսեցի ՔԿՀ-ներում պահվող անձանց համար պատրաստված սնունդը: Հաճելի էր արձանագրել, որ սննդի որակի բարելավումից հետո աճել է դրանից օգտվել ցանկացող դատապարտյալների և կալանավորված անձանց թիվը: Չնայած դրան՝ աշխատելու դեռ շատ տեղ կա:

Այցելեցի նաև հիմնարկի տարածքում գործող հացի և փայտամշակման արտադրամասեր, շփվեցի զբաղվածության ապահովման նպատակով արտադրամասի աշխատանքներում ներգրավված դատապարտյալների հետ: Շատ եմ կարևորում ՔԿՀ-ներում գտնվող անձանց զբաղվածության խնդրի լուծումը, որի նպատակով լուրջ աշխատանքներ ենք իրականացնում «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ:

«Վանաձոր» ՔԿՀ-ի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ հորդորս ու հանձնարարականս մեկն էր՝ դատարանների կողմից նշանակված պատիժները կատարել այնպես, որ մարդու պատիվն ու արժանապատվությունը չնվաստացվեն և չդառնան պատիժ, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո քաղաքականություն է փոխվել. վերաբերմունքը պետք է լինի մարդակենտրոն: Այդ պատճառով յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողից պահանջում եմ լինել պատասխանատու ոչ միայն իր համար և իր անունից, այլ հիմնարկի, Արդարադատության նախարարության և ՀՀ կառավարության»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել