2018թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվում է։
Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախարար Մանե Թանդիլյանը շեշտում է՝ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Այս նախաձեռնությունը ուղերձ է բոլոր քաղաքացիներին, որ պետությունը կարևորում է երկրորդ երեխայի ծնունդը և սատարում ընտանիքներին։
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014-2016թթ. մեր երկրում ծնվել է երկու կարգաթիվ ունեցող համապատասխանաբար 16051, 15850, 15032 երեխա։
Կանխատեսվում է, որ 2018 թ-ի 2-րդ կիսամյակում Հայաստանում լույս աշխարհ կգա երկու կարգաթիվ ունեցող շուրջ 7500 երեխա։ Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018 թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կկազմի շուրջ 375 միլիոն դրամ, իսկ 2019 թ և հետագ տարիների համար՝ տարեկան շուրջ 1,5 միլիարդ դրամ։
Անհրաժեշտ բյուջետային հատկացումները 2018թ. համար կիրականացվեն ՀՀ 2018 պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում:
Հիշեցնում ենք, որ «ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հաստատվել էր ՀՀ կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում։