Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող մշտական հսկողության ընթացքում նախորդ շաբաթ կազմվել է 21 վարչական արձանագրություն, որոնց առնչությամբ իրականացվել են օրենքով սահմանված համապատասխան քայլեր: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը: Կայացված վարչական ակտերը տրամադրել իրավապահ մարմիններին, օրենքով նախատեսված վարչարարությունն իրականացնել հետևողականորեն՝ ընդհուպ քրեական գործերի հարուցում:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ: Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանն ու հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարվել է նաև շարունակել հսկողությունը և երկօրյա ժամկետում գույքագրել մայրաքաղաքի տարածքում գործող անիվների վրա սննդի կետերը՝ արձանագրված իրավախախտումների մասով ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ: Ապօրինի կայանումների վերաբերյալ հասցեները տրամադրել Երևան քաղաքի ոստիկանությանը և ճանապարհային ոստիկանության Երևանի գումարտակի հրամանատարությանը:
Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման վերաբերյալ զեկուցվել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Վարչական շրջանների բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ էլ զեկուցվել է, որ ընթացիկ տարվա ծրագրով նախատեսված աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Վերոնշյալ բոլոր ուղղություններով հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները՝ շարունակելով հատուկ հսկողությունը որակի ապահովման նկատմամբ:
Խորհրդակցության վերջում զեկուցվել է, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 277 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 207-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 70 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 76 հեռախոսազանգ, որոնցից 56-ին լուծում է տրվել, իսկ 20-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: Հանձնարարվել է մշտական ուշադրության կենտրոնում պահել բարձրացված հարցերի կատարման ընթացքը: