Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ուժի մեջ է մտել կառավարության օգոստոսի 30-ի 954-Ն որոշումը, որով սահմանվել է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը:
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգը մշակվել է «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:
2. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) դասարանների կազմավորման հետ կապված հարաբերությունները:
3. Դասարանը միևնույն առարկայական ծրագրերն ուսումնասիրող սովորողներից կազմված ուսումնական խումբ է:
4. Հանրակրթական դպրոցի դասարանները կազմավորվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա համար՝ դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա, դպրոցի տնօրենի հրամանով՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի պահանջները:
5. Հաստատության տարրական և միջին դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը՝ 30:
6. Հաստատությունում սույն կարգի 5-րդ կետով սահմանվածից ավելի սովորողներ ունենալու դեպքում ձևավորվում են միևնույն առարկայական ծրագրերն ուսումնասիրող մեկից ավելի դասարաններ:
7. Բնակավայրի միակ հաստատությունում կարող են ձևավորվել բազմահամակազմ դասարաններ (ուսումնական խմբեր), որոնց ձևավորման կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին համապատասխան:
8. Բազմահամակազմ դասարանները (ուսումնական խմբերը) կարող են լինել երկհամակազմ, եռահամակազմ, քառահամակազմ:
9. Երկհամակազմ խմբերում սովորողների թիվը չի կարող գերազանցել 15-ը, եռահամակազմ խմբերում՝ 12-ը, իսկ քառահամակազմ խմբերում՝ 8-ը:
10. Հատուկ դպրոցի դասարաններում (ուսումնական խմբերում) սովորողների թիվը սահմանվում է՝
1) լսողության, տեսողության, հենաշարժական համակարգի, խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների, մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատություններում` 15 սովորող.
2) միջին և ծանր մտավոր հետամնացություն ու բազմակի խնդիրներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատություններում` 9 սովորող.
3) հակասոցիալական վարք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատություններում` 20 սովորող:
11. Դպրոցում մեկից ավելի դասարաններ ունենալու պարագայում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները դասարաններում բաշխվում են համաչափ: Դպրոցում յուրաքանչյուր դասարանից մեկական լինելու պարագայում՝ դասարանում սովորող՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը չի սահմանափակվում:
12. Սույն կարգով սահմանված սովորողների առավելագույն թվից պակաս թվով դասարան (ուսումնական խումբ) կարող է կազմավորվել (խորացված ուսուցման կազմակերպման և այլ ուսումնական նպատակներով) հանրակրթական դպրոցի ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ սույն կարգի 4-րդ կետի պահանջների պահպանմամբ:
13. Մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում դասարանները ձևավորվում են հաստատության կանոնադրությանը համապատասխան: