Վերջերս մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ, որտեղ մի խումբ ուսանողների (նախկին ՈՒԽ անդամներ) կողմից ներկայացված բաց նամակներում առկա «փաստերը» անհիմն են և իրականությանը պարզապես չեն համապատասխանում: Այս մասին հայտնում են ԵՊԼՀ լրատվության և հանրային կապերի բաժնից:
Նշենք, որ վերոնշյալ ուսանողները չեն հանդիսանում ԵՊԼՀ ուսանողական խորհրդի անդամ, ինչպես նշվում է նամակում, փաստացի վերոնշյալ կառույցը լուծարված է: Հայտնում ենք, որ 2018 թվականի մայիսի 17-ին համալսարանում իրականացված ստորագրահավաքի ՝ այնուհետև, սույն թվականի մայիսի 24-ին ուսանողական համընդհանուր համաժողովում ընդունված հռչակագրի հիման վրա գործող ուսանողական խորհուրդը լուծարվել է և բաց քվերակությամբ ձայների մեծամասնությամբ ձևավորվել է ուսանողական խորհրդի նոր ժամանակավոր կազմ: Ստորագրահավաքին մասնակցել են համալսարանի ուսանողների մեծամասնությունը (3070 ուսանողից 1621-ը)՝ տալով իրենց համաձայնությունը ուսանողական խորհուրդը լուծարելուն: ՀՀ ԿԳՆ կողմից վերոնշյալ գործընթացը համարվել է իրավաչափ (կից՝ Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ԿԳՆ գրությունը) :Առկա է նաև տեսանյութը ԵՊԼՀ ՈՒԽ լուծարման վերաբերյալ:
Ի դեպ, ԵՊԼՀ-ը հայտարարում է լրագրողների և լրատվամիջոցների հետ բաց ու թափանցիկ աշխատելու իր որդեգրած գործելաոճի մասին: Բուհի համար անընդունելի է էթիկայի թույլատրելի սահմաններից դուրս պատասխան տալու գործելաոճը, ուստի, առաջարկում ենք մեր գործընկերներին հետևել աշխատանքի արհեստավարժ գործելակերպի կանոններին, այն է՝ մինչև հրապարակումը ստուգել տեղեկատվության հավաստիությունը բուհի հանրային կապերի բաժնից: