Հունիսի 4-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը: Դատական նիստին չէր ներկայացել Կարեն Եսայանի մայրը` Անահիտ Իսկանդարյանը:
Չներկայանալու պատճառն ըստ նրա դիմումի, մասնակցելով դատական նիստերին, ծանր սթրեսային վիճակի մեջ է հայտնվում:
Որպես վկա` հարցաքննվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավագ եղբայրը` Գևորգ Ղուկասյանը: Վերջինս դատարանից խնդրեց, որպեսզի իր հարցաքննությունը լրագրողների կողմից չտեսալուսանկարահանվի և չձայնագրվի:
Վկան իր հարցաքնության ընթացքում ասաց, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը իսկապես եկել է խնամակալության: Սկզբում Վարդան Ղուկասյանի աղջկա` Աննայի համար են խոսել, հետո, երբ իմացել է, որ Աննային արդեն բեհ են դրել, խոսել էր Մանյաի համար: «Նորից եմ կրկնում, մի 4 անգամ եկել է, ասում էր համոզեք Նիկոլաևիչին (Վարդան Ղուկասյանին) խնամիներ դառնանք»,- ասաց վկան:
Իսկ թե Կարենից բացի ո՞վ է եկել Մանյայի ձեռքը խնդրելու, Գևորգ Ղուկասյանն ասաց, որ չի հիշում, լավ է այդ մասին ծնողներին հարցնեն: Այն հարցին, թե հնարավոր էր մեկը մոտենար Մանյային անձնական հարցով, վկան պատասխանեց.
«Մեր տրադիցիան այնպես է, որ մենք վայրենի չենք, բայց խանդոտ ժողովուրդ ենք: Մեր աղջիկներին մոտեցողները իրենք էլ գիտեն, որ պրոբլեմների մեջ կընկնեն, դրա համար պետք է մարդավայել գան ուզելու»:
Գևորգ Ղուկասյանը նաև նշեց, որ հանգուցյալ Կարեն Եսայանին ևս սկզբից ևեթ Ղուկասյանները աղջիկ չեն տվել, ու Մանյա Ղուկասյանն էլ սկզբից չի ուզել տղային: «Մանյան որ ուզեր, միանգամից կտայինք, 7 տարի ուզում էին, չէինք տվել, հետո տվեցինք»,- պատմեց վկան:
Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերի ժամանակ վկան նախազգուշացրեց. «Պրովոկացիոն հարցեր չտաք, ես լսել եմ, որ դուք աշխույժ աղջիկ եք»:
Գեւորգ Ղուկասյանն ասաց, որ Կարեն Եսայանի սպանության մասին տեղեկացել է իր դստեր ամուսնուց` Ռոմանից: Վերջինս Կարեն Եսայանի մոտ ընկերն էր:
«Ես էլ ասի` երևի Երևան գնացած կլինի` մի բան առնելու, գնացի Վարդանի մոտ, ասի Կարենը չկա, ասաց` ո՞նց չկա Գևոր, մտածեց կարո՞ղ է փոշմանել է: Հետո եկավ Ռազմիկը` Կարենի հայրը, հարցրեցի Ռազմիկ ջան, հո էնպիսի բան չե՞ք արել, որ էրեխեն խռովի ձեզանից: Ասաց` չէ»,- հայտնեց վկան:
Համոզվելով, որ փեսայի անհետացման պատճառը մտքափոխ լինելը չէ, Կարենի ընկերները սկսել են փնտրտուքը: Գնացել են նրա հետքերով, հետո ավտոլցակայանի ու բենզալցակայանի տեսախցիկներն են վերցրել. «Ինձ ցույց տվեցին դիսկերը, ասին` էս Հարությունն է, էս Հարությունի «Մերսեդեսն» է` արտասահմանյան պետհամանիշով: Բայց ես չէի ճանաչում Հարությունին, ջահելներն էին ցույց տալիս դիսկերն ու ասում», -ասաց Գևորգ Ղուկասյանը:
Նա նաև նշեց, որ ինքը գնացել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, տեսել է մոտ 200 հոգի հավաքված մարդկանց և Կարեն Եսայանի փոշոտված դին. «Ոնց որ գետին քցած-վերցրած լինեին ու ավտոյի մեջ դրած: Դե պատկերացրեք, փոշին արյունի մեջ, ի՞նչ գույնի կլինի»:
Գևորգ Ղուկասյանը նաև ասաց, որ դեպքի օրը ինքը գնացել է Սարգսյանների տուն, Հարությունին հարցրել. «Տղա ջան, ի՞նչ գիտես, ուր է պահած, եթե գարաժի մեջ, մի տեղ պահած է, ճիշտն ասա: Ասեց` Գևոր դյադյա, ես խաբար չեմ, ասի տղա ջան, ճիշտն ասա, որ ես քեզ կարողանամ փրկել, ասաց, որ ես ձեր աղջկան չեմ ճանաչում»:
Վկան դատարանին հորդորեց բաց թողնել ամբաստանյալին, եթե ինքը լինի մարդասպանը, Աստված հաստատ նրան կպատժի: «Թող խփողը ասի՝ ես եմ խփել ու գնա ապաշխարի, ո՞վ խփեց, երկնքից իջան խփեցի՞ն: Իմ ախպորս տղեն վերջերս մարդ խփեց, ազնվորեն ասաց` ես եմ արել», ապա դառնալով ամբաստանյալին հավելեց`«Էս տղային դահլիճից բաց թողեք , եթե ինքն է, հաստատ կերթա-կընկնի ձորը»:
Վկայի հարցաքննությունից հետո փաստաբանները իրենց դժգոհությունն արտահայտեցին հերթական անգամ վկաների դատարան չներկայանալու համար:
Նախագահող դատավոր Մ. Սարոյանը նշեց, որ հնարավոր է վկաները վաղը ներկայանան դատարան: Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց բերման ենթարկել վկաներ Վարդան Ղուկասյանին և նրա դուստերը` Մանյա Ղուկասյանին:
«Խնդրում եմ խտրական վերաբերունք ցույց չտալ ու բերման ենթարկել նրանց», – միջնորդեց Լուսինե Սահակյանը: Կողմերը չառարկեցին: Այնուամենայնիվ դատարանը բերման ենթարկելու որոշում չկայացրեց:
Դատական նիստը կշարունակվի այսօր` հունիսի 5-ին:
Հիշեցնենք, որ Կարեն Եսայանը պատրաստվում էր ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ և հենց նշանադրության օրը նրան սպանված գտան նրա մեքենայի մեջ:
Հանրային թղթակից` Անահիտ Ալեքսանյան
Իրավաբան.net