Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է հրապարակվել, որով սահմավում է դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը: Նախագիծը լրամշակվել է:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորն ունի հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանում է կառավարությունը:
Նախագիծը մշակող մարմինը նշում է, որ վերոհիշյալը վկայում է «Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:
«Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով
1) սահմանվել է, որ դատավորին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են Ոստիկանության կողմից,
2) ամրագրվել է, որ դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները սահմանում է Ոստիկանությունը,
3) նախատեսվել է, որ դատավորին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա,
4) սահմանվել է, որ դատավորների՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցումը կազմակերպում է Ոստիկանությունը,
5) նախատեսվել է, որ դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված հաշվեցուցակային զենքը և պաշտպանության հատուկ միջոցները դատավորը մեկշաբաթյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով հանձնում է Ոստիկանություն,
6) ամրագրվել է պաշտոնավարման ընթացքում դատավորի՝ տրամադրված հաշվեցուցակային զենքից և պաշտպանության հատուկ միջոցներից հրաժարվելու ընթացակարգ:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները: