Գլխավոր դատախազի հանձնարարությամբ քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվում են դատապարտյալների ընդունելություններ

ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի հունիսի 23-ի կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությանը հանձնարարվել էր հանրապետության բոլոր քրեակատարողական հիմնարկներում նախաձեռնել և կազմակերպել դատապարտյալների ընդունելություն՝ նրանց բարձրացրած իրավական բնույթի խնդիրներին տեղում ծանոթանալու, դատախազության իրավասությունների սահմաններում և հնարավորության դեպքում դրանց օպերատիվ լուծումներ գտնելու, անհրաժեշտություն առաջանալու դեպքում իրավական խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Ի կատարումն այս հանձնարարականի՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից, առանձին դեպքերում նաև այլ դատախազների մասնակցությամբ, ընդունելություններ են անցկացվել ՀՀ ԱՆ «Կոշ», «Սևան», «Վանաձոր», «Արմավիր», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում, որոնց մասնակցել է նախապես դիմած ընդհանուր թվով 92 դատապարտյալ:

Ընդունելությունների ընթացքում դատապարտյալների կողմից ներկայացվել են մի շարք խնդիրներ` հատկապես կապված պատժի կրման կարգի և իրենց հիմնական իրավունքների հետ:

Ընդունելությունների արդյունքում հիմնարկների վարչակազմերին տրվել են հանձնարարականներ` ուղղված հիմնականում դատապարտյալներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի կարգավորմանը և իրավաբանական օգնություն ստանալու նրանց իրավունքի իրացման ապահովմանը:

Նմանատիպ ընդունելություններ անցկացվելու են նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական մյուս հիմնարկներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել