Յուրաքանչյուր համազգեստավոր մարդու քաղաքացին պետք է վերաբերվի որպես հարազատի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին:

Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ, մաղթել հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցները կարևոր դերակատարում ունեն հասարակության կյանքում: «Մեր քաղաքացիների համար շատ կարևոր է իմանալ, որ կա բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանող փրկարար ծառայություն, արտակարգ իրավիճակների համակարգ: Հայաստանի Հանրապետությունում այս նոր ժամականակաշրջանում յուրաքանչյուր համազգեստավոր մարդու՝ ոստիկանի, զինվորականի, արտակարգ իրավիճակների աշխատողի, քաղաքացին պետք է վերաբերվի որպես հարազատի, որովհետև հենց հարազատներն են մեր իրականության մեջ առաջինն օգնության գալիս վտանգի, ճգնաժամի, արտակարգ իրավիճակների պահին: Հույս ունեմ, որ մեր համատեղ գործունեության արդյունքում ձեր նկատմամբ հարազատի այդ զգացողությունը մեր քաղաքացիների շրջանում ավելի ու ավելի կմեծանա», – նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ ընդհանրապես համազգեստավոր ցանկացած ծառայություն պետք է զերծ մնա քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվելուց: «Որևէ կերպ չի կարելի, քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվելով, վտանգել, ստվերել հարազատի այն զգացողությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ՀՀ զինվորական համազգեստ կրող ցանկացած անձի նկատմամբ», – ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ տեղյակ է արտակարգ իրավիճակների և ընդհանրապես պետական կառավարման համակարգում առկա բազմաթիվ խնդիրների մասին, ինչպիսին, օրինակ, ցածր աշխատավարձերի խնդիրն է. դրա պատճառը շատ դեպքերում ոչ արդյունավետ կառավարումն է և պետական միջոցների ոչ արդյունավետ տնօրինումը: «Ո՞րն է գործողությունների հաջորդականությունը. մենք պետք է ոչ թե սկզբից լավ ապրենք և հետո միայն մտածենք մեր պետության, պետական միջոցների արդյունավետ կառավարման մասին, այլ հակառակը. սկզբից պետք է աշխատենք մեզնից յուրաքանչյուրի, մեր համակարգերի արդյունավետությունը, պատասխանատվությունը բարձրացնելու ուղղությամբ, որից հետո միայն կարձանագրվի անխուսափելիորեն բոլորիս, նաև պետական կառավարման, արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցների, փրկարար ծառայողների բարեկեցության մակարդակը: Պետք է համախմբենք մեր ուժերը, որովհետև հնարավոր չէ առանձին վերցրած ոլորտում, նախարարությունում ապահովել զարգացում: Այդ զարգացումը պետք է լինի ամբողջական, համապարփակ և ապագային ուղղված», – ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հույս է հայտնել, որ ԱԻՆ աշխատակիցներն իրենց ծառայության անձնազոհ բնույթով սատար կկանգնեն այն բարեփոխումներին և կամքին, որն արտահայտել է ՀՀ քաղաքացին Հանրապետության հրապարակում: «Այդ կամքը հետևյալի մասին է. ՀՀ քաղաքացիները, հայությունը պետք է ապրեն ազատ, երջանիկ, զարգացած, հզոր և բարեկեցիկ Հայաստանում: Յուրաքանչյուր ոք իր բաժին անելիքն ունի այս գործում՝ սկսած վարչապետից և ավարտած փրկարար ծառայության աշխատակցից: Մենք ուս ուսի տված պետք է ոչ թե ապրելու հնար ստեղծենք իրար համար, այլ մեր երկիրը բարձրացնենք զարգացման, երջանկության, ազատության և օրինականության նոր մակարդակի», – ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար:

Այնուհետև կառավարության ղեկավարը հետևել է ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին: Շարահրապարակում շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել ցուցադրված հատուկ տեխնիկական միջոցների և սարքավորումների հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը և կիրառման նպատակները:

Վարչապետը շրջել է նաև ԱԻ նախարարության տարածքով, ծանոթացել ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների՝ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Աղետների բժշկության կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, տեխնիկական ու ծրագրային հագեցվածությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել