ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ հիմք ընդունելով «ԷԿՈՍ» ՓԲԸ-ի մասնավոր նախաձեռնությամբ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը: Ընկերությունը նախատեսում է այդ տարածքում մինչև 2043 թ. ներգրավել շուրջ 200 շահագործողի: Սկզբնական շրջանում նախատեսվում է ստեղծել 22 աշխատատեղ, իսկ ընդհանուր առմամբ ԱՏԳ շահագործման արդյունքում կանխատեսվում է 300 նոր աշխատատեղի ստեղծում: Կազմակերպիչը նախատեսում է կատարել մինչև 4 մլն դոլարի ներդրում: Հրազդանում ստեղծվող ազատ տնտեսական գոտին կլինի 4-րդը Հայաստանում:
Վարչապետը հետաքրքրվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու զարգացմանն ուղղված քայլերից, ինչին ի պատասխան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որի վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծն արդեն ներկայացվել է վարչապետի աշխատակազմ: «Մենք այնտեղ ունենք 2 տարածք, որոնք պետք է անպայման գերակա հանրային շահ ճանաչելու սկզբունքով տրամադրենք կազմակերպչին՝ որպես պետական սեփականություն: Արդյունքում կկարողանանք սահմանային գոտին ավելի հստակ գծել և շահագործողներին ավե լի լավ տարածքներ առաջարկել»,-ասել է նախարարը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է իրականացնել սառնարանային պահեստների կառուցման ներդրումային ծրագիր՝ մասնավորապես, գյուղմթերքի պահպանման համար։ Ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում։ Ակնկալվում է 3 տարվա ընթացքում ստեղծել 100 նոր աշխատատեղ` 120 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
«ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ կողմից ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման և հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արծվիկ Մինասյանը նշել է, որ վարչապետի հանձնարարականով հարցը լրացուցիչ ուսումնասիրվել է: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցում է նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Գործարանի կառուցման համար նախատեսվող ներդրումները կկազմեն շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ` 220 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: