Ընտրակաշառք տալը կքրեականացվի․ կառավարությունը որոշում ընդունեց

Կառավարության նիստին այսօր՝ օգոստոսի 30-ին գործադիրի անդամները որոշում ընդունեցին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին։

«Փաթեթի ընդունմամբ առաջարկվում է խստացնել պատասխանատվությունը՝ կաշառքի համար և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից այն տեղափոխել Քրեական օրենսգիրք՝ նախատեսելով ոչ միայն դրա համար տուգանքի ձևով պատիժ, այլ նաև՝ որոշակի ժամկետով ազատազրկում։

Վարչական  իրավախախտումների քրեականացման հետ նաև առաջարկվում է հոդվածի դիսպոզիցիայում նախատեսել բացառություն, որի համար հանցագործություն չի համարվի ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո թեկնածուների կամ դաշինքների, կուսակցությունների խորհրդանիշերով կամ պատկեր բովանդակող որոշակի և ողջամիտ չափը չգերազանցող արժեքով ապրանքներ տալը, օրինակ՝ քարոզչական գրիչներ, փոքրիկ խորհրդանիշներ տրամադրելը»,-ասաց Արտակ Զեյնալյանը։

Նախարարը նշում է, որ նախատեսվում է ընտրակաշառք տալը թեկնածուներից, կուսակցություններից որևէ մեկին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար կաշառք տալու նպատակը ևս կարձանագրվի։

Կքրեականացվի նաև Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության՝ ընտրակաշառք տալու քողարկված ձև, որի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է ժամանակը (ըստ էության՝ ընտրությունների ժամանակ): Սակայն քր.օր.-ով նախատեսված առավել խիստ պատժի պայմաններում նման իրավական կարգավորումն արդարացված չի թվում, քանի որ բարեգործության անվան տակ ընտրակաշառք տալը, որը ներկայումս առաջացնում է ընդամենը վարչական պատասխանատվություն, իր հանրային վտանգավորության բնույթով և աստիճանով չի զիջում քր.օր.-ի 154.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությանը:

Վարչապետը նշեց, որ հաշվի առնելով իրենց ունեցած պատմական փորձը, 3000 դրամով կարելի է կաուսակցության տարբերանշանով լավաշ կամ մուրաբա բաժանել և պետք է հստակեցնել թե ի՞նչ կարելի է տալ․ «Եկեք չթերագնահատենք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել